Ռուսական օդանավի դեմ Թուրքիայի իշխանությունների գործողությունները թշնամական ակտ են։ Այս մասին ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա պատմել է, թե կոնկրետ ինչն է առավել վրդովել Ռուսաստանին։ «Եթե դա դժբախտ պատահար լիներ, այդ դեպքերում անպայման վերցնում են հեռախոսը, եւ բացատրություններ են տրվում։ Սակայն դրա փոխարեն անմիջապես վազեցին Բրյուսել»,- ասել է նա։
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանը պատրաստ էր համագործակցել Թուրքիայի հետ շատ զգայուն հարցերի շուրջ, որոնք չեն տեղավորվում միջազգային իրավունքի ենթատեքստում։
Նա նշել է, որ Թուրքիան իր պահվածքով հասել է նրան, որ Ռուսաստանը խստացրել է Սիրիայում իր ռազմական ներկայությունը, ուժեղացրել է Սիրիայում ՀՕՊ համալիրները եւ հիմա թուրքական օդանավերն այլեւս չեն կարող այնտեղով թռչել։
ՌԴ նախագահը նշել է, որ ինքը չգիտի, թե Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ կա արդյոք երրորդ կողմ։ Նա ենթադրել է, որ օդանավի միջադեպը կարող էր հետեւանք լինել այն բանի, որ Թուրքիայի ղեկավարությունից ինչ-որ մեկը որոշել է «լիզել ամերիկացիների համապատասխան տեղը» կամ էլ Իրաքում թուրքական զորքեր տեղակայելու կապակցությամբ ինչ-որ փոխանակում էր։











