10-ամիս առաջ բանակ զորակոչված եւ 2015թ. նոյեմբերի 6-ին հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ տեղափոխված, Երեւանի 19-ամյա բնակիչ Արթուր Հակոբյանը, որը դեկտեմբերի 29-ին, դուրս է գրվել հոսպիտալից, պնդում է, որ առողջական խնդիրները ձեռք է բերել բանակում` հարբած հրամանատարի կողմից ծեծի ենթարկվելու պատճառով: NEWS.am-ի հետ զրույցում Արթուրը պատմեց, որ գումարտակի հրամանատար Ջիվան Մկրտչյանը ծառայության ընթացքում ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով ճնշել է իրեն, իսկ 2015թ. նոյեմբերի 16-ին, երբ Արթուրը ծառայակցի հետ խանութ է գնացել սիգարետ գնելու, հարբած հրամանատարը տեսել է նրան եւ դաժան ծեծի ենթարկել: Արթուրի խոսքով, այդ պահին իրեն ծեծող Ջիվան Մկրտչյանը մենակ չի եղել, նրա հետ եւս երեք հոգի են եղել, որոնց Արթուրը չի հիշում: Հրամանատարի կողմից այդ օրը դաժան ծեծի ենթարկվելուց հետո, Արթուրին տեղափոխում են զորամասի բուժկետ, որտեղ մի քանի օր պառկելուց հետո նրան տեղափոխում են Սիսիանի հոսպիտալ, այնուհետեւ Երեւանի կայազորային հոսպիտալ: Արթուր Հակոբյանի հարազատները դեպքից միայն 20 օր անց են տեղեկանում, որ նա հոգեկան խնդիրներով հոսպիտալացվել է: Արթուրի խոսքով, այդ օրերին հեռախոսով խոսել է մորաքրոջ հետ, սակայն կատարվածի մասին ոչինչ չի ասել, քանի որ իրեն «զգուշացրել են, որ հեռախոսները լսվում են եւ ոչ ոքի կատարվածի մասին ոչինչ չասի»:

«Ջիվանն ինձ անընդհատ տարբեր պատճառաբանություններով գալիս կպնում էր, ասում էր բլյախդ ուր ա, էս բանն ինչի ես սխալ արել, ես էլ չէի պատասխանում, որ առանց միջադեպի անցեր գնար: Մենակ իմ հետ վատ չէր վերաբերվում, մյուսների հետ էլ էր վատ վերաբերվում: Ես, եղել է, որ վախից գումարտակում չեմ քնել, դրսում եմ քնել»,-պատմեց Արթուրը:

Արթուրի խոսքով, հոսպիտալից դուրս գրվելուց հետո էլ ինքը դեռ առողջական խնդիրներ ունի` հաճախ է ինչ-որ ձայներ լսում, հիշողության կորուստ ունի, որոնք հուսով է, որ ժամանակի ընթացքում կանցնեն:  Արթուրը շատ ծանր է տանում, որ ծեծի հետեւանքով ձեռք բերած առողջական խնդիրների պատճառով Արթուրը ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից եւ այլեւս չի կարողանա շարունակել ծառայությունը: 19-ամյա երիտասարդի խոսքով, ինքն ամեն ինչ անելու է, որ իրեն ծեծի ենթարկած  գումարտակի հրամանատար Ջիվան Մկրտչյանը օրենքի ողջ խստությամբ պատժվի եւ այլ զինծառայողներ իր ճակատագրին չարժանանան:

Նշենք, որ ստորադասին ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրգործով դեռ ոչ ոք որպես մեղադրյալ չի ներգրավվել։

Մեզ հետ զրույցում Արթուրի մորաքույրը` Ռիտա Հակոբյանը, նշեց, որ դժգոհ է գործի քննությունից, քանի որ արդեն երկու ամիս է անցել, սակայն գործը բացահայտելու համար դեռ ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկվել:

«Ուզում են փափուկ բարձ դնեն գլխներիս տակ, ոչ մի բան չեն անում, քննիչը չի զանգում, չի ասում ոչ մի նորություն, սպասելով մնացինք: Բայց ես այսպես չեմ թողնի, ամեն ինչ անելու եմ, որ էդ Ջիվանը պատժվի»,-ասաց Ռիտա Հակոբյանը: