Արարատի մարզի Արեւաբույր գյուղի բնակիչ 72-ամյա Քավե Թամոյանը իր գերդաստանի 15-րդ զինվորին է բանակ ճանապարհում։
«30 թոռ ունեմ, 6 որդի եմ բանակ ճամփել, էդքանից ավելի թոռներ։ Զինվորների մայրն եմ, տատին եմ: Դեռ մի 4-5 հատ էլ կա, որ ճամփու դնեմ, եթե սաղ մնամ»,- ասում է Քավե Թամոյանը։
Ժամկետային ծառայության զորակոչվող 18-ամյա Միրզա Աբգարյանի հարազատներից ամենաբարձր տրամադրությունը հենց տիկին Քավեն ունի: 72–ամյա կինը անհանգստությունը ցույց չի տալիս, մի բան էլ թոռանն է քաջալերում. «Այ սենց ձիգ, մի վախեցի»։ Նա թոռանը քեֆ-ուրախությունով է բանակ ճանաարհել, նախօրեին հաց է թխել, մատաղ արել, բաժանել հարեւաններին, որ թոռն անփորձանք վերադառնա ծառայությունից։
Որդիներին ծառայության ճանապարհող հարազատներին ամենից շատ մտահոգում է վիճակահանությունը։ Բոլորը հույս ունեն, որ արկղերից տղաները առավելագույնս մոտ զորամասի անունը կհանեն։
Զինակոչիկներից մեկը պատահաբար այն վայրի զորամասի անունը հանեց, որտեղ իր եղբայրն է ծառայում:
«Տրամադրությունս հոյակապ է: Իմ մի տղան ծառայում է Վարդենիսում, մյուսն էլ պատահականության սկզբունքով Վարդենիս ընկավ»,- NEWS.am-ին ասաց զինակոչիկի հայրը:
Ծնողները վիճակահանության սենյակից դուրս էին գալիս ուրախությունից արտասվելով, երբ որդու ծառայության վայրը մոտ էր լինում իրենց բնակության վայրին: Զինակոչիկներն ավելի զուսպ էին:
«Զինվորի համար տարբերություն չկա՝ ուր կըկնի: Պարտքը մնում ա պարտք, հայրենիքը մնում ա հայրենիք»,- ասաց զինակոչիկներից մեկը:
«Տարբերություն չկա ինձ համար, բայց կուզեի Արցախում ծառայել: Սահմանը կպահեի, կարծում եմ՝ ծառայությունն այդպես ավելի հետաքրքիր կանցներ»,- ասաց մեկ ուրիշը։
20 օր առաջ մեկնարկած զորակոչի ավարտին մնացել է 10 օր:











