Երեւանում հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը ձյուն է տեղացել եւ, ինչպես երեւում է, հունվարին տեղացած ձյունն անսպասելի է եղել կոմունալ ծառայությունների համար:

Փողոցները ձյունից մաքրելու մասին խոսք չկա, բարեբախտաբար, ձյունն այնքան շատ չի եղել, որ ամբողջությամբ դադարեցվի երթեւեկությունը, բայց որոշակի դժվարություններ, այդուհանդերձ, առաջացրել է:

Ճանապարհային երթեւեկության նշանները, որոնք առանց այդ էլ թարմացման կարիք ունեին, ամբողջությամբ մնացել են ձյան ու մերկասառույցի տակ: Որոշ խաչմերուկներում, «բարի» ավանդույթի համաձայն, չեն աշխատում լուսացույցները, ու որպես կանոն, ճանապարհներին խցանումներ են եւ ավտովթարներ:

Օդերեւութաբանների կանխատեսմամբ, ձյունը մայրաքաղաքում շարունակվելու է: Շատ կցանկանայինք հույս ունենալ, որ պատկան ծառայությունները եզրակացություն կանեն հունվարի առաջին օրերին ստեղծված իրավիճակից:

Հիշեցնենք, որ այն ժամանակ ձնամաքրման աշխատանքներն սկսվեցին 3 օր հետո միայն: Ընդ որում, ձնամաքրման աշխատանքի էությունն այն էր, որ ձյունը պարզապես կույտերի էին վերածում, եւ Երեւանում ձյան ու կեղտի սարեր էին առաջացել:

Մարզերում իրավիճակն ավելի լավ չէ: Չնայած հայտարարվում է ձնամաքրման աշխատանքների մասին, ավտոմեքենաների վարորդների տեղեկությունները հակառակի մասին են խոսում:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am