NEWS.am–ը ներկայացնում է փետրվարի 16–ի գլխավոր լուրերը` «մեկ տողով»։

93 տարեկանում մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալին:

Նաիրա Զոհրաբյանին կարող են զրկել ԵԽԽՎ–ում ձայնի իրավունքից։ Լրատվամիջոցներում շրջանառվող այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվում։ Զոհրաբյանը, ասում են, վիրավորել է թուրքական պատվիրակության հայազգի անդամ Մարգար Եսայանին, որը կողմ է քվեարկել հակահայկական բանաձեւին։ Զոհրաբյանն ասում է, որ ընդամենը իր կարծիքն է հայտնել։

Ժիրինովսկին Դավութօղլուին անգրագետ է անվանել։ Թուրքիայի վարչապետը պատմություն չգիտի` եթե կարծում է, թե Ղրիմը ուկրաինական տարածք է` ասել է Պետդումայի ամենաէքսցենտրիկ պատգամավորը։ Ժիրինովսկին Թուրքիային հիշեցրել է իր սեփական պատմությունը. եթե Հայաստանը եւ մյուս երկրները հետ պահանջեն իրենց պատմական տարածքները, ապա Թուրքիային բան չի մնա` ասել է նա։  

«Դոլմամայի» սեփականատերը վճռական է տրամադրված` թույլ չի տալու, որ քանդեն հին Երեւանի դեմքը հիշեցնող սակավաթիվ շենքերից մեկը։ Նոր սեփականատերը նրան դատի է տվել, պահանջում է հանձնել տարածքը։ Ժիրայր Ավանյանը, սակայն, պատրաստ է հանրային գերակա շահից իր ունեցվածքը պաշտպանել ամեն գնով` ընդհուպ Եվրոպական դատարանում։ 

«Նոր Հայաստանը» Եվրամիության երկրներին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Այս պահանջով նամակը նրանք այսօր երթով տարել են Եվրամիության գրասենյակ։ «Նոր Հայաստանը» այս կերպ փորձում է հասնել նրան, որ քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին ազատեն կալանքից։

Մի խաբեք զբոսաշրջիկներին։ Զբոսաշրջության վարչության ղեկավար Մեխակ Ապրեսյանը դիմում է տաքսիստներին ու ռեստորանատերերին.  ձեր ծառայությունների դիմաց օտարերկրացիներից եռակի գումարներ գանձելով` հեղինակազրկում եք Հայաստանը, մի օր նրանք  ուղղակի կդադարեն մեր երկիր գալ։ Ի դեպ, երեւանցի տաքսիստները պարծենում են, որ «պարսիկների համար 5000 դրամ մինիմալով են քշում»։

Ռուսաստանն ու ՕՊԵԿ–ը միասին կփորձեն կասեցնել նավթի գների անկումը։ Նրանք պայմանավորվել են սառեցնել նավթի արդյունահանման ծավալները հունվարի  11-ի մակարդակում: Այս կերպ փորձ է արվում կասեցնել նավթի համաշխարհային գների անկումը, որը կարող է կործանարար լինել այն երկրների համար, որոնց տնտեսությունները գերազանցապես կախված են նավթից, այդ թվում` Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի։

Հիլարի Քլինթոնը հաչել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ։ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուն այդ կերպ նմանակել է ամերիկյան անեկդոտի շանը, որը հաչում էր ամեն անգամ, երբ նախագահի թեկնածուները ստեր էին փչում։ Քլինթոնն ասել է, որ իրեն այդպիսի շուն է հարկավոր։

Լոս Անջելեսում կայացել է տարվա գլխավոր երաժշտական երեկոն` գրեմմի մրցանակաբաշխությունը։ Լավագույն երգ է ճանաչվել Էդ Շիրանի Thinking Out Loud ստեղծագործությունը։ Լավագույն ալբոմը Թեյլոր Սվիֆթի «1989» ձայնասկավառակն է, իսկ լավագույն դուետը Մարք Ռոնսոնի ու Բրունո Մարսի՝ Uptown Funk–ը։ Ամենաշատ մրցանակները ստացել է Քենդրիկ Լամարը։ Նրա չորս գրեմմիներից գլխավորը տարվա լավագույն ռեփ ալբոմի համար է։

Ինչ տեսք կունենան Եվրատեսիլի բեմը եւ դահլիճը 2016 թվականին։ Շվեդիան, որն այս տարվա հյուրընկալող երկիրն է, հրապարակել է տեսահոլավակ, որում երեւում են գլխավոր դիզայներական լուծումները։

Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է Գերմանիայի առաջնության 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Հարցմանը, որն անցկացվել է Բունդեսլիգայի կայքում, մասնակցել են երկրպագուները։ Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 8 գոլ է խփել։

No Comment. Տուլայում հարսնացուն ծեծել է փեսացուին եւ փախել հարսանիքից:

Դոլարը նորից սկսել է արժեւորվել։ Նախորդ օրվա համեմատ դոլարի փոխարժեքն այսօր աճել է  ու կազմել 496 դրամ։ Ռուսական ռուբլին նույնպես մի փոքր աճել է` 6 դրամ 52 լումա։ Եվրոն եւ բրիտանական ֆունտը, ընդհակառակը, նվազել են` 554 դրամ եւ 717 դրամ։

Վաղը Երեւանում եղանակը զգալիորեն կտաքանա։ Ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի 15–ի։ Տեղումներ չեն սպասվում ոչ մայրաքաղաքում, ոչ էլ հանրապետության մյուս շրջաններում։