NEWS.am–ը ներկայացնում է փետրվարի 17–ի գլխավոր լուրերը` «մեկ տողով»։
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտնվել է նոր սկանդալում։ NEWS.am–ի տեղեկություններով` նրա որդի Սպարտակը ընկերոջ հետ մահակներով երկու տղամարդու են ծեծել մանկական սրճարանում։ Ծեծվածները հետո գնացել են Վարդան Ղուկասյանի գրասենյակ, որտեղ երկրորդ անգամ են ծեծ կերել` այս անգամ նախկին քաղաքապետի թիկնապահների կողմից։ Ոստիկանությունը արդեն հաստատել էր միջադեպի լուրը, երբ Վարդան Ղուկասյանը մեզ հետ հեռախոսազրույցում հերքեց կատարվածը։
Ազատ է արձակվել Հոկտեմբերի 27–ի գործով կարեւոր վկայի սպանությունը պատվիրած Արթուր Այվազյանը, նույն ինքը` Մանախը։ Նա իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն 15 տարվա ազատազրկումը կրել է ամբողջությամբ։ Սամվել Առաքելյանի դիակը գտել էին 2001թ. հոկտեմբերի 14-ին` Հաղթանակ կամրջի տակ: Մի քանի օրից նա դատարանում պետք է ցուցմունք տար։
Մեկ տարեկան Մարիամն արդեն ապաքինվում է։ Նա իր հորն այդպես էլ չի ճանաչի։ Ապարանում տեղի ունեցած վթարից հայրն ու տատը մահացել են, Մարիամն ու մայրը վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել։ 1–ամյա աղջիկը կոտրվածք ունի եւ ուղեղի ցնցում, բայց բժիշկներն ասում են` երեխան ճգնաժամը հաղթահարել է։ 23–ամյա մոր փայծաղը հեռացրել են, նա նույնպես ապաքինվում է։
Արթուրի կտրված ականջախեցին եթե գտնեին, հնարավոր կլիներ վերականգնել ականջը։ Սակայն հարազատներին չի հաջողվել գտնել այն։ Ուրիշի քրոջը «Ֆեյսբուքով» խոսեցնելը գյումրեցի Արթուրի վրա թանկ է նստել։ Ոստիկանությունը կասկածում է, որ աղջկա խանդոտ եղբայրն է վիճաբանության ժամանակ դանակով կտրել նրա ականջը։ Վերքը լավանալուց հետո երիտասարդի ականջի նախկին տեսքը կփորձի վերականգնել պլաստիկ վիրաբույժը։
Երեւանում անհայտ անձինք ծեծել են միասեռականների։ Կատարվածի մասին ահազանգել է միասեռականների իրավունքները պաշտպանող կազմակերպությունը։ Դեպքը տեղի է ունեցել երեկոյան` «Առագաստ» սրճարանի մոտ։ Հարձակվել են մի քանի հոգով։ Ոստիկանությունը ճշտում է կատարվածի հանգամանքները։
Մարտի 1–ին երկրի քաղաքական գլխավոր հարթակը կկիսեն երկու ուժեր` Հայ ազգային կոնգրեսը եւ «Նոր Հայաստանը»։ Քաղաքապետարանը հանրահավաք անցկացնելու երկուսի հայտն էլ բավարարել է։ Լեւոն Զուրաբյանը քաղաքապետարանի այս որոշումը սադրանք է համարում։ Իրավիճակից դուրս գալու համար կողմերին մնում է միասնական օրակարգ մշակել։ ՀԱԿ–ն առաջարկել է իր օրակարգը, սպասում է «Նոր Հայաստանի» համաձայնությանը։
Ռուսաստանցիների 35 տոկոսը պահանջում է դադարեցնել Մոսկվայի եւ Անկարայի միջեւ ցանկացած տեսակի շփում։ 23 տոկոսը թշնամական է համարում ռուս–թուրքական հարաբերությունները։ Այս տվյալները ստացվել են հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հարցման արդյունքում։
Մեծ պատմություն` փոքր գյուղում։ Արարատի մարզի գյուղերից մեկում շփոթել են դիակները։ Նույն օրը դիահերձարանում 90–նն անց երկու կին է եղել, իրար շատ նման։ Դիակի հետեւից գնացած հարեւանները չեն ճանաչել մահացածին, միայն տանը հարազատները հագուստից են հասկացել, որ ուրիշ դիակի վրա են լաց լինում։
Միշա պապի բախտը կանանց հարցում չի բերում։ 90–ամյա տղամարդը երկար ժամանակ է` կողակից է փնտրում, բայց բախտը դեռ չի բացվում։ Տնով–տեղով ապահովված Միշա պապը զարմանում է` ինչու հայ կանայք չեն հավատում, որ մեծ տարիքում էլ կարող են անձնական երջանկություն գտնել։ Ամուսնության վերջին փորձը ձախողվել է։ 70–ամյա կինը պապի սրտով էր, բայց տասն օրից փոշմանել է, իրենց տուն գնացել։ Միշա պապի սիրտը կրկին ազատ է։
Ինչ է զգում Լեոնարդո Դի Կապրիոն ամեն անգամ, երբ Օսկար չի ստանում։ Դերասանի հիասթափությունը իր մաշկի վրա արդեն կարող է զգալ յուրաքանչյուրը։ Անգլիացիները ստեղծել են տեսախաղ, որի հերոս Դի Կապրիոն ամբողջ ընթացքում կարմիր գորգի վրայով խելակորույս վազում է Օսկարի արձանիկի հետեւից։ Բաղձալի մրցանակին հասնելու համար դերասանը պետք է խոչընդոտներ հաղթահարի եւ խույս տա պապարացիներից։
«Նիսանն» իրենց տեղն իմացող աթոռներ է մշակել։ Նոր սերնդի ավտոմատացված գրասենյակային աթոռները, օգտագործելով սենյակում տեղադրված տեսախցիկների կազմած քարտեզը, ինքնուրույն գտնում են վերադարձի ճանապարհը։
No Comment. Մեքսիկացի հավատացյալները քաշքշել են Հռոմի պապին
Ամերիկյան դոլարի փոխարժեքը փետրվարի 17-ին նվազել է` կազմելով 495 դրամ։ Նվազել են նաեւ եվրոյի եւ ֆունտի փոխարժեքները` համապատասխանաբար 551 եւ 708 դրամ։ Ռուսական ռուբլին կայուն է` առանց փոփոխության` 6.42 դրամ։
Փետրվարի 18-ին Երևանում կգրանցվի ռեկորդային բարձր ջերմաստիճան` +18։ Սա երեք աստիճանով գերազանցում է վերջին ռեկորդը, որը գրանցվել էր 1979թ. փետրվարի 18–ին։ Ընդհանրապես, այս օրերին օդի միջին ջերմաստիճանը հանրապետության տարածքում կլիմայական նորմայից բարձր է` միջինը 10 աստիճանով։ Փետրվարի 19–ից օդի ջերմաստիճանը կսկսի նվազել։











