Քրիստոսի ծննդյան վայրում կառուցված եկեղեցին վերանորոգել են: Խճանկարի վրայից բազմամյա փոշին ու կեղտը մաքրելուց հետո այն նորից սկսել է փայլել պատուհանից ներթափանցող արեւի ճառագայթների ներքո: Բեթհեղեմում Քրիստոսի Սուրբ ծննդյան բազիլիկայում վենականգնման աշխատանքները 2013 թ. էին սկսվել, եւ հիմա դրանց զգալի մասն արդեն ավարտված է:
Հանրահայտ եկեղեցին 4-րդ դարում կառուցել է հռոմեական կայսր Կոնստանտին 1-ինի մայր Հեղինեն (Flavia Iulia Helena): Ըստ ավանդույթի՝ այն գտնվում է հենց Հիսուսի ծննդյան տեղում, հայտնում է NTDTV–ը:
Բեթհեղեմը գտնվում է Հորդանան գետի Արեւմտյան ափին: Այս տարածքը բնակեցված է մեծամասամբ մահմեդականներով: Այդուհանդերձ, այս քրիստոնեական եկեղեցին այստեղ ազգային արժեք է համարվում: Սա ամենաշատ զբոսաշրջիկներ գրավող վայրն է տարածաշրջանում:
Եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացնող թիմի կազմում համագործակցում են պաղեստինցի ու իսրայելցի մասնագետներ:
Չնայած եկեղեցին համարվում է Սրբազան հողի երկու կարեւորագույն քրիստոնեական տաճարներից մեկը, բայցեւայնպես այն 6000 տարի եղել է լքված ու կիսաքանդ վիճակում: Անձրեւի ժամանակ կտուրից ջուր էր կաթում, ինչը վտանգում էր եկեղեցու ներսում գտնվող գեղարվեստական ստեղծագործությունները:
2013 թ. Արեւմտյան ափի պաղեստինյան իշխանությունները որոշեցին ֆինանսավորում հատկացնել վերանորոգման համար: Օգնեցին նաեւ ձեռներեցները, Կաթոլիկ, Հունական ու Հայկական եկեղեցիները: Նախագծի վրա արդեն մոտավորապես ութ միլիոն դոլար է ծախսվել:
Մասնագետները փոխարինել են կտուրի վնասված հեծանների մեծ մասը, նաեւ նոր պատուհանների նոր շրջանակներ տեղադրել: 1000 տարվա մեջ առաջին անգամ իր երբեմնի փայլն է վերականգնել խճանկարը:
Մասնագետները ասում են, որ այս խճանկարը արվեստի հազվագյուտ նմուշ է, որը ամենաորակյալ վարպետների ձեռքի գործն է:
Իսկ այցելուները վերականգնված եկեղեցու ներքին հարդարանքը կկարողանան վայելել 2017 թ. սկզբից ոչ շուտ:











