NEWS.am–ը ներկայացնում է փետրվարի 18–ի գլխավոր լուրերը` «մեկ տողով»։
Արցախում 19–ամյա զինծառայող է զոհվել։ Երեւանի բնակիչ Դավիթ Վահեի Տերտերյանը հրազենային մահացու վիրավորում է ստացել արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը սեպտեմբերին Հայաստան կայցելի։ Այս մասին այսօր հայտարարվել է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովին։ Էջմիածինն այցի կազմակերպման շուրջ աշխատում է Վատիկանի հետ։
Կեսգիշերին հանրապետականները անհանգիստ ելումուտ էին անում Հերացի հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր Գալուստ Սահակյանը։ Ասում են` Ազգային ժողովի 67–ամյա նախագահը որդու ծննդյան խնջույքից հետո է վատացել։ Բժիշկները խուսափում են ուղիղ պատասխանել` ինսուլտ է, թե ոչ։ Միայն ասում են, որ ճնշումն է բարձրացել, իսկ Վերակենդանացման բաժին տարել են, որ այցելուները չհոգնեցնեն։ Հանրապետականները ժողովրդին մխիթարում են` ամեն ինչ նորմալ է։
Դաշնակցությունը վերջապես բացել է փակագծերը։ Ո՞ր պորտֆելները բաժին կհասնեն ՀՅԴ–ին ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմելուց հետո։ Արմեն Ռուստամյանն անուններ է տվել` Արծվիկ Մինասյանը` Էկոնոմիկայի, Լեւոն Մկրտչյանը` Կրթության եւ գիտության, Դավիթ Լոքյանը` Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար: ՀՅԴ-ն նաեւ երկու մարզպետ կունենա` Գաբրիել Գյոզալյանը` Արագածոտնում, Հովսեփ Սիմոնյանը` Շիրակում։
Դաշնակցականների կոալիցիոն հավակնությունները բավարարելու համար` կառավարությունն այսօր որոշել է փոխել իր կառուցվածքը։ Տարածքային կառավարման նախարարությունը առանձնացրին Արտակարգ իրավիճակների նախարարությունից, որպեսզի տան դաշնակցականներին։
Արդյոք էլեկտրիկներն սկսել են ավելացնել բնակիչների ծախսած էլեկտրաէներգիայի թվերը։ Հաշվիչների հունվար ամսվա ցուցմունքներից համընդհանուր դժգոհությունը վերջապես հասել է Էներգետիկայի նախարարություն։ Զախարյանն այսօր ասել է, որ ՀԷՑ–ի հետ համատեղ սկսել են ուսումնասիրել բողոքները։
Չորս անընդմեջ ոչ աշխատանքային օր։ Մարտի 8–ի կապակցությամբ կառավարության նվերը կանանց եւ նրանց ամուսիններին։ Մարտի 7-ի փոխարեն կաշխատենք շաբաթ օրը` 12–ին: Արդունքում տանը կմնանք 5–ին, 6–ին, 7–ին եւ 8-ին:
Ավազակային հարձակման է ենթարկվել «Բիլայնի»` Էրեբունիում գտնվող գրասենյակը։ Գրասենյակի դռները կոտրել են, մտել ներս, գողացել չհրկիզվող պահարանը, որի մեջ գումար է եղել եւ պլանշետներ: Հանցագործներին դեռ չեն հայտնաբերել։
Ուժեղ քամին ավերածություններ է գործել Լոռիում։ Վանաձորում ծառեր են տապալվել, Տաշիրում`էլեկտրասյուներ։ Մեծավանում քամին տանիքներ է քշել–տարել։
Անկարայում պայթեցրել են զինվորական շարասյունը, ինչի հետեւանքով 28 մարդ է սպանվել։ Ականապատ մեքենան մոտեցել է զինվորական շարասյանն ու պայթել։ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ կատարվածը Սիրիայի քրդերի ձեռքի գործն է եւ հրապարակել են կասկածյալ մահապարտի անունը։ 14 կասկածյալ ձերբակալվել է։
Վանաձորի ծննդատանը եռյակ է ծնվել` երեք տղա։ Արմանը, Արենը եւ Արտյոմը լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով։ Տղաներից երկուսը թթվածին են ստանում, նրանք անհաս են ծնվել, դեռ պետք է բուժում ստանան։ Վանաձորի հիվանդանոցում վերջին անգամ 23 տարի առաջ էր եռյակ ծնվել` երեք աղջիկ։
Զիկա վիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում։ Հնարավոր է, որ նորածինները փոքր գլխով են ծնվում ոչ թե մոծակների խայթոցից, այլ այդ մոծակներին ոչնչացնելու համար օգտագործվող քիմիկատներից։ Գիտնականները ստուգում են նոր վարկածը։
Եվրատեսիլի քվեարկության կանոնները փոխվել են։ Ժյուրիի եւ հանդիսատեսի քվեարկության արդյունքները կներկայացվեն առանձին։ Ընդ որում, բոլոր 43 երկրների հեռուստադիտողների քվեները կգումարվեն եւ մրցույթի վերջում կներկայացվեն մեկ թվով։ Այսպիսով` ինտրիգը կպահպանվի մինչեւ վերջին պահը։
Դոլարը , եվրոն ու ռուբլին թանկանում են։ Փետրվարի 18-ին, դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 69 լումայով՝ կազմելով 495 դրամ: Եվրոյի փոխարժեքը կազմել է 552 դրամ, բրիտանական ֆունտինը՝ 709, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը 0.18 դրամով աճելուց հետո՝ 6 դրամ 60 լումա։
Հայաստանի արեւելյան շրջաններում փետրվարի 19-ին սպասվում են տեղումներ։ Վաղը օդի ջերմաստիճանը կնվազի, Երեւանում կլինի +13, իսկ ամսի 22-ից ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա, տաք եղանակը կպահպանվի մինչև ամսվա վերջ։











