NEWS.am–ը ներկայացնում է փետրվարի 20–ի գլխավոր լուրերը` «մեկ տողով»։

Գալուստ Սահակյանը դեռ հիվանդանոցում է։ Բժիշկներն առաջին օրվանից պնդում են, որ նրա մոտ լուրջ բան չկա, մինչդեռ Ազգային ժողովի նախագահին չեն շտապում դուրս գրել։ Գալուստ Սահակյանը չորրորդ գիշերն է անցկացնում բժիշկների հսկողության տակ եւ բարձրաստիճան հյուրեր ընդունում։

Ծննդաբերություն` արտակարգ պայմաններում։ Հայուհին երեխա է ունեցել Կրասնոդար–Տուլա գնացքում։ Ամուսնու եւ երեք տարեկան դստեր հետ ճանապարհորդող կնոջ ծննդաբերությունն սկսվել է անսպասելի։ Գնացքի ուղեկցորդների եւ ուղեւորների օգնությամբ երեւանցի կինը 2 կգ 700 գրամ կշռող աղջիկ է լույս աշխարհ բերել։

Արարատի մարզում գետի մեջ նորածնի դի են գտել։ Տղա երեխայի մարմինը հայտնաբերել են Մրգավետ գյուղի մոտ։ Ինչպես է նա գետում հայտնվել, հայտնի չէ։ Քննությունը կփորձի պարզել դեպքի հանգամանքները։

Երկու ամիս անց հայտնաբերվել է Երեւանում բուքմեյքերական գրասենյակի դեմ հարձակման եւ աշխատակցի սպանության մեջ մեղադրվողը։ 32-ամյա Կարեն Շահինյանը հայտնաբերվել է Ռուսաստանի տարածքում, շուտով կտեղափոխվի Հայաստան։ Ենթադրվում է, որ նա գրասենյակի 28–ամյա աշխատակցին սպանել է սուր գործիքի բազմաթիվ հարվածներով, գումար հափշտակել եւ փախուստի դիմել։

Երեւանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկի բնակիչներն այսօր վաղ առավոտյան արթնացել են փլուզման ձայնից։ Խոնավությունից փլվել է Պետրոս Ադամյան փողոցի հողաշեն տներից մեկի պատը։ Բնակիչներն ասում են` բարեբախտաբար տունը բնակեցված չէ, իսկ բակում փլուզման պահին երեխաներ չկային։ Այդ փողոցի վթարային տների բնակիչները գիշերը քնում են վախով, որ հաջորդը իրենց տան պատը կփլուզվի։

Երեւանում փորձում են ոչնչացումից փրկել հերթական մշակութային արժեքը։ Այսօր առավոտից սկսել են քանդել Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ճակատային մասը։ Ակտիվիստների բարձրացրած աղմուկից հետո ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցվել է։

Մայրաքաղաքում նոր տեսակի լուսացույցեր են հայտնվել: Կանաչ լույսը վառվում է միայն անհրաժեշտության դեպքում։ Հետիոտնը հարկ եղած դեպքում պարզապես պետք է որոշ ժամանակ սեղմած պահի կանաչ լույսի կոճակը: Ճանապարհային ոստիկանությունն այս կերպ փորձում է թեթեւացնել երթեւեկությունը։

Մեծ Բրիտանիան կմնա Եվրամիության կազմում, թե ոչ` կպարզվի հունիսի 23–ին։ Վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտնել է հանրաքվեի օրը։ Քեմերոնին հաջողվել է Մեծ Բրիտանիայի «հատուկ կարգավիճակի»  շուրջ ստանալ եվրոպացի գործընկերների համաձայնությունը։ Նա պնդում էր, որ միայն այդ պայմաններով կկարողանա բրիտանացիներին համոզել, որ Լոնդոնը պետք է մնա ԵՄ կազմում։

Կիեւը կրկին անհանգիստ է։ Մայդանում զոհվածների հիշատակի ակցիայի ժամանակ քարեր են նետել «Ալֆա բանկի» եւ «Սբերբանկի» վրա, կոտրել ապակիները։ Հարձակման է ենթարկվել նաեւ օլիգարխ Ռինաթ Ահմեդովի գրասենյակը։ Ցուցարարները վարկային հաստատություններին մեղադրում են Ուկրաինայի ֆինանսական օկուպացիայի մեջ:

85 տարեկանում մահացել է իտալացի ճանաչված գրող, փիլիսոփա Ումբերտո Էկոն։ Նա մի շարք բեսթսելլերների հեղինակ էր։ Ումբերտո Էկոյին համաշխարհային հռչակ են բերել հատկապես նրա «Վարդի անունը»  եւ «Ֆուկոյի ճոճանիվը» վեպերը։

Դոլարի, եվրոյի, ռուբլու եւ ֆունտի փոխարժեքները նվազել են։ Հայաստանյան բանկերը այսօր դոլարը գնել են 494, վաճառել՝ 498 դրամով: Եվրոյի առքը 547 դրամ է, վաճառքը՝ 558։  Բրիտանական ֆունտի առքը փոխանակման կետերում հասել է 705 դրամի, վաճառքը՝ 735 դրամ: Ռուսական ռուբլին բանկերը գնել են 6,4 դրամով, վաճառել՝ 6,75 դրամով:

Փետրվարի 21–ին Երեւանում կշարունակի անձրեւել։ Տեղումները կդադարեն փետրվարի 22–ին ։ Գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +4, ցերեկը` +12։