Ռուսաստանը շոկի մեջ է 4 տարեկան երեխայի հրեշավոր սպանությունից: Մոսկվայում դայակը կտրել է քնած աղջկա գլուխը, հրկիզել բնակարանը ու փախուստի դիմել: Ավելի ուշ կնոջը տեսել են մետրոյի կայարաններից մեկի մոտ՝ երեխայի կտրված գլուխը ձեռքին՝ բղավելով, որ ինքն ահաբեկիչ է եւ ատում է դեմոկրատիան: Հարցաքննության ժամանակ 39-ամյա կինը, որը ծնունդով Ուզբեկստանից է, եղել է թմրանյութերի ազդեցության տակ եւ ասել է, որ նման քայլի իրեն դրդել է ամուսնու դավաճանությունը:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում արտառոց դեպք է գրանցվել: Կեսգիշերն անց անհայտ անձինք մեքենայով հիվանդանոցի մուտքի մոտ թողել են մի երիտասարդի՝ 7 տեղից հրազենային վնասվածքներով: Մոտ տասը ժամ տեւած վիրահատությունից հետո Արթուր Գեւորգյանը ծայրահեղ ծանր վիճակում է: Հայտնի է, որ նա մեքենաների առքուվաճառքով էր զբաղվում: Կասկածյալները որոնվում են:
Փրկարարները նախօրեին ահազանգ են ստացել, որ Նուբարաշենի հատուկ դպրոցում 10 եւ 14 տարեկան եղբայրները սպառնում են ինքնասպան լինել: Ահազանգողը երեխաների տատիկն էր: Փրկարարները պարզել են, որ կրտսեր եղբայրը վիճել է ինչ-որ տղայի հետ, զանգահարել տատիկին, ասել, որ կախվելու է: Մինչդեռ դպրոցից NEWS.am-ին վստահեցրել են, իբրեւ ոչինչ էլ չի կատարվել, երեխաները պարզապես տատիկին էին կարոտել եւ ուզում էին, որ նա իրենց տուն տաներ:
Շարունակվում են քաղաքական խայթոցները Հայ ազգային կոնգրեսի եւ Դաշնակցության միջեւ: ՀԱԿ-ում կարծում են, որ Դաշնակցականների կողմից անազնիվ է հայտարարել, թե իրենցից հետո երկրում այլ քաղբանտարկյալ չի եղել: Միաժամանակ, շարունակում են պնդել, որ ՀԱԿ-ՀՅԴ լարվածության պատճառը բոլորովին էլ քաղաքական նախանձը չէ:
Երբ անհայտ անձն է լակոտ ասում՝ դա վիրավորանք է, իսկ երբ Շուշան Պետրոսյանի նման վաստակաշատ մեկն է ասում, դա խրատ է: Խոսրով Հարությունյանի այս փայլուն մեկնաբանությամբ էթիկայի հանձաժողովը մերժել է երգչուհի պատգամավորին պատժելու հայցը: Ֆեյսբուքյան օգտատիրոջ աչքերը հանելու խոստումով էլ, ըստ էթիկայի մասնագետի, Շուշան Պետրոսյանն ընդամենը ցանկացել է սաստել է նրան:
Վարդգես Գասպարին կրկին պառկել է դատարանի դահլիճում: Այս անգամ նրա բողոքը դատավորի որոշման դեմ է. նա քաղաքացիական ակտիվիստին ընդամենը 30 վայրկյան էր տվել միջնորդություն ներկայացնելու համար: Կարգադրիչները ակտիվիստին գրկած են հեռացրել դահլիճից, դատավորն էլ նրան 6 ժամով զրկել է նիստերին մասնակցելու իրավունքից:
Վերջապես: Լեոնարդո դի Կապրիոն արժանացավ Օսկար մրցանակի: Հինգ անհաջող փորձից հետո դերասանը բաղձալի արձանիկը ստացավ որդու մահվան վրեժը լուծող եւ արջի հետ մենամարտող ուղեկցորդի կերպարի համար: Փրկվածը ֆիլմը նաեւ հաղթանակ է բերել ռեժիսոր Ալեխանդրո Ինյարիտուին: Տարվա լավագույն ֆիլմը Ուշադրության կենտրոնում ժապավենն է, որը պատմում է կաթոլիկ եկեղեցում մանկապղծության դեպքերի լրագրողական հետաքննության մասին: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Բրի Լարսոնը, որը Սենյակը ֆիլմում մարմնավորել է 7 տարվա գերությունից ազատվող կնոջը:
Կինոակադեմիան 88-րդ մրցանակաբաշխության ժամանակ հարգել է Քըրք Քըրքորյանի հիշատակը: Հայազգի մեծ բարերարի եւ տաղանդավոր գործարարի անունը հայտնվել է 2015թ. կյանքից հեռացած անվանի մարդկանց նվիրված հոլովակում:
Բունդեսլիգայի առաջնությունում Հենրիխ Մխիթարյանի գոլն ու գոլային փոխանցումը «Բորուսիային» օգնեց 3:1 հաշվով կամային հաղթանակ տանել «Հոֆենհայմի» նկատմամբ: Հայ կիսապաշտպանն արդյունավետությամբ 5-րդն է Եվրոպայում: Ընթացիկ մրցաշրջանի 37 խաղում նա 19 գոլի եւ նույնքան գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
ԱՄՆ դոլարի, ռուսական ռուբլու, եվրոյի և բրիտանական ֆունտի փոխարժեքներն այսօր նվազել են, ընդ որում եվրոյինն ու ֆունտինը ՝ զգալիորեն: Եվ այսպես դոլարի փոխարժեքն այսօր 491 դրամ էր, եվրոյինը՝ 535, բրիտանական ֆունտինը՝ 681, իսկ ռուսական ռուբլունը՝ 6.46 դրամ:
Գարնան առաջին օրը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների արեւոտ եղանակ: Երեւանում այս գիշեր կլինի մինչև 7, իսկ վաղը ցերեկը` մինչև 20 աստիճան տաքություն:











