Վաղ առավոտից քաղաքական գործիչները եւ քաղաքացիները Երեւանի Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ էին դնում՝ հարգելով Մարտի 1-ի զոհերի հիշատակը։ 8 տարի առաջ զոհված 10 քաղաքացիների հիշատակին երեկոյան Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական հավաք-երթը, որն այս անգամ քաղաքական 6 ուժերի համատեղ նախաձեռնությունն էր։
Հայաստանում է Եվրամիության առանցքային պաշտոնյաներից մեկը՝ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։ Նա Հայաստան է եկել Ադբեջանից։ Մեկօրյա պաշտոնական այցի ընթացքում Մոգերինին հասցրել է հանդիպել Սերժ Սարգսյանի, Էդվարդ Նալբանդյանի, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների հետ , ընդ որում ընդդիմադիրների հետ հանդիպման բովանդակությունը գաղտնի է պահվում։ Մոգերինին Երեւանում հայտարարել է, որ ԵՄ-ն սատարում է սահմանային միջադեպերի հետաքննությունների մեխանիզմի ստեղծմանը։
Կադրային հերթական փոփոխությունը կառավարությունում։ Երվանդ Զախարյանն ազատվել է Էներգետիկայի նախարարի պաշտոնից։ Նրա փոխարինելու է Վերահսկիչ պալատի փոխնախագահ Լեւոն Յոլյանը։ Հովիկ Աբրայամյանն այսօր ներկայացրել է նոր նախարարին։ Վարչապետն այս որոշման մասին պարզվում է վաղուց գիտեր, իսկ նորանշանակ նախարարը՝ ոչ։
Սերժ Սարգսյանի հրամանագրով պետեկամուտների կոմիտեն կրկին առանձնացվել է ֆինանսների նախարարությունից։ Գերատեսչությունները միավորվել էին երկու տարի առաջ։
Հայաստանում ապրիլին հայկական նոր ավիափոխադրող կհայտնվի՝ «Ավիակոմպանիա Արմենիա»։ Ընկերության հիմնադիրը վրացի է, «Վրացական ավիաուղիների» նախագահը։ «Էյր Արմենիա»-ի սնանկացումից հետո սա փաստորեն կլինի միակ հայկական ավիափոխադրողը, որը, սակայն, կաշխատի վրացական կապիտալով։
Մոսկվայում ձերբակալվել է 43 -ամյա օրենքով գող Անդրանիկ Հարությունյանը, որը հայտնի է Անդո Խրամոյ մականունով։ Անդո Խրամոյին կասկածում են Մոսկվայում կատարված մի շարք հանցագործությունների մեջ։ Նախկինում նա դատապարտված է եղել Թմրադեղերի ապօրինի շրջանառության համար։ Դատարանի որոշումով նա դեռ կես տարի առաջ պետք է լքեր Ռուսաստանի տարածքը, բայց չի լքել։
Մարդասպան դայակը գնացել է այն բնակարանը, որտեղ կտրել էր 4-ամյա աղջկա գլուխը եւ քննիչներին պատմել՝ ինչպես է կատարել հրեշավոր սպանությունը։ 39-ամյա ուզբեկ կնոջը Մոսկվայում գտնվող շենք են մտցրել ոստիկանական ուժեղ հսկողությամբ, հավաքվածները բղավում էին, որ պատրաստ են կտոր-կտոր անել նրան։ Հարցաքննության ժամանակ կինը արարքը բացատրել է նրանով, որ բաժանվելուց հետո ամուսինն իրենից խլել է երեք երեխաներին։
Հրազդանի կիրճում հողաշերտի նստվածք է առաջացել, ինչի հետեւանքով բարդու երկու ծառ է արմատախիլ եղել, իսկ պատնեշը մոտ 20 մետր սահել է դեպի գետը: Ճանապարհի վտանգավոր հատվածը առանձնացրել են պարկերով։ Նախնական տվյալով, նստվածքի պատճառը ջրի կուտակումն է, ինչը հավանաբար առաջացել է, երբ «Սանիտեկը» ճանապարհի ձյունը մաքրել ու հաստ շերտով լցրել է այդ հատվածում։
Արարատի մարզում կատարված սպանությունը հնարավոր է աղջկա պատճառով է եղել։ Վկան պատմել է, որ Մայիսի քրոջ տղան Գարիկի քրոջն էր ուզում, չէին տալիս։ Մեղադրյալը՝ Մայիսը, պատմել է, որ այդ օրը Գարիկի հետ իրենց տանը խմում էին, Գարիկը խոսելն իրեն դուր չի եկել, փայտով հարվածել է ու սպանել։ Հետո դիակը գորգի մեջ է փաթաթել, տարել գյուղից հեռու եւ այրել։
Օսկարակիր դերասանուհի Վուփի Գոլդբերգը ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը ներկայացել է պոլսահայ հայտնի ոսկերիչ Սեւան Բըչաքչըի պատրաստած զարդով։ Ութոտնուկի տեսքով ձեռքի զարդը երեկոյի ամենաքննարկված եւ օրիգինալ աքսեսուարն է եղել․ բոլորին հետաքրքրել է՝ մատանի է այն, թե թեւնոց։
Այսօր դոլարը, ռուբլին ու ֆունտը թանկացել են, իսկ եվրոն ՝ էժանացել։ Եվ այսպես՝ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 491, ռուսական ռուբլունը՝ 6.67, եվրոյինը՝ 534 , բրիտանական ֆունտինը՝ 685 դրամ։
Գարնան առաջին ամիսը Հայաստանում տաք կլինի, բայց տեղումներն էլ նորմայից բարձր կլինեն: Առաջիկա 7-8 օրերին ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի մարտի 3-ին և 4-ին։ Այդ օրերին Արարատյան դաշտավայրում կլինի մինչև 23 աստիճան, իսկ Սյունիքի դաշտային շրջաններում նույնիսկ մինչև 25 աստիճան տաքություն: Երևանում այս գիշեր օդի ջերմաստիճանը կհասնի +6-ի , իսկ վաղը ցերեկը ՝ + 21-ի: Տեղումներ չեն լինի:











