Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող կուրսատներից երկուսը հոգեբան-փորձագետ Էլդա Գրինի վրա թողել են ինքնավստահ, լպիրշ մարդու տպավորություն:

«Երկուսն ավելի ընկճված էին, իսկ մյուս երկուսն ինձ ինչ-որ դուր չեկան պահվածքով: Ինքնավստահ ու լպիրշ մի բան կար: Բոլորի մոտ անհանգստություն կար: Հեգնանք կար երկուսի մոտ, աշխատում էին թաքցնել»,- այսօր՝ մարտի 17-ին, Ավան  եւ Նոր Նորք վարչական շրջաննրի ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էլդա Գրինը, որն ամբաստանյալներին առաջին անգամ էր տեսնում: Փորձագետը սակայն չցանկացավ անուններով մատնանշել ամբաստանյալներին:

Էլդա Գրինը նշեց, որ չի կարող միանշանակ ասել, որ մեղադրյալներն են կատարել արարքը:

Նշենք, որ մեղադրյալները դատահոգեբանական փորձաքննության չեն ենթարկվել:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: