«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ, իրավաբան Կարեն Վարդանյանի մտերիմներն ու հարազատները տեղյակ չեն եղել, որ նա վաճառել է իր տունը, նրանք այդ մասին իմացել են Կարենի անհետանալուց հետո: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին նրա հարեւանները:
Կարենն Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելուց առաջ խնդրել էր իր հարեւաններից մեկին արդուկել իր շորերը` ասելով, որ մեկ շաբաթով գործուղման է մեկնում եւ բացակայելու է տնից:
«Գործուղման մեկնելուց առաջ եկավ խնդրեց, որ շորերը արդուկեմ, պատրաստեմ, որովհետեւ գնալու է Արաբական Միացյալ Էմիրություններ: Արդուկեցի տվեցի, գնաց, էլ չտեսա իրեն: Կարենի մայրը մեկ տարի առաջ էր մահացել, մենք նրա համար ճաշ էինք սարքում, լվացք էինք անում, արդուկ անում, օգնում էինք, բայց նրա տուն չէինք կարողանում մտնել, որովհետեւ դռան զանգը տալիս էինք, կանգնում էր դռան մոտ, մեր հարցերին պատասխանում էր եւ փակում: Շատ համեստ ու խելացի տղա էր, դրա հետ մեկտեղ տարօրինակություններ ուներ»,-ասաց հարեւանը` նշելով, որ Կարենի սպանության մասին լուրն իմացել է այսօր առավոտյան` Կարենի մորաքրոջից:
Նրա խոսքով, Կարեն Վարդանյանի բնակարան մտնել հնարավոր չէ, քանի որ այն փակ է, իսկ Կարեն Վարդանյանի իրերն այդ բնակարանից նրա սպանության մեջ կասկածվող Գեւորգ Զոհրաբյանը դուրս է հանել:
Նշենք, որ Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողներից 23-ամյա Գեւորգ Զոհրաբյանը նրա հարեւանն է եղել, որը չարաշահելով փորձագետի վստահությունը նրա տունն իր անունով է գրանցել:
NEWS.am-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոանիսյանը ասել էր, որ Կարեն Վարդանյանը 300 000 դրամի կալանք ուներ իր անունով, որպեսզի այն չտարածվի տան վրա, հարեւանը՝ Գեւորգ Զոհրաբյանը, համոզել էր տունն իր անունով գրանցել, հետո սպանել է նրան ու ամեն ինչ արել, որ խարդախությունը չբացահայտվի:
Կարեն Վարդանյանի սպանության գործով մյուս մեղադրյալ՝ 43-ամյա Արթուր Միհրանյանը, Գեւորգ Զոհրաբյանի «տաքսիստն է» եղել: Ըստ Դանիել Իոանիսյանի` Գեւորգ Զահրաբյանը Կարենից գողացած փողերով երկու տաքսի էր գնել ու Արթուր Միհրանյանը եղել է նրա վարորդներից մեկը:
Նշենք, որ Կարեն Վարդանյանը մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել: Ապրիլի 1-ին պարզվել է, որ մարտի 17-ին բութ գործիքներով Կարեն Վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել եւ սպանել Արթուր Միհրանյանը եւ Գեւորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գեւորգ Զոհրաբյանին պատկանող Երեւանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում: Արթուր Միհրանյանը եւ Գեւորգ Զոհրաբյանը ձերբակալված են: Քննությունը շարունակվում է:











