Մեր օրերում ագրեսիան սպասելի է մի երկրից, որը հակամարտության կարգավորման մեջ սեփական երկրի շահերը գերադասում է այլ երկրի շահերից: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին, որը ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ եկել էր հարգելու Արցախյան պատերազմում եւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում ապրիլյան քառօրյա մարտերում զոհված զինծառայողների հիշատակը (ֆոտոռեպորտաժ):
Հույն պատգամավորի խոսքով, սա ադրբեջանական ագրեսիայի առաջին դեպքը չէ, թեեւ բոլորը հույս ունեն, որ վերջինը կլինի: «Սրա պատճառը համամարդկային դատապարտման բացակայությունն է»,-ասաց հույն պատգամավորը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից «անցանկալի անձ» համարվելու հեռանկարին, Գարիֆալիա Կանելլին նշեց, որ ինքն Արցախ եւ Հայաստան է այցելել զորակցելու հայ մայրերին, որոնք իրենց երիտասարդ զավակներին են կորցրել:
«Եթե ուզում են հակամարդկային լինել, ես այդ տրամաբանությունը չեմ հասկանում: Ես իմ հարգանքի տուրքն եմ մատուցել երկու երկրներին եւ այն մայրերին, որոնք իրենց երիտասարդներին են կորցրել: Վերջում պատմությունը կդատապարտի»,-նշեց նա:
Հույն պատգամավորի խոսքով՝ ինքը բազմիցս լսել է Արցախի մասին, եւ այցելել է Արցախ՝ սեփական աչքերով տեսնելու եւ միջազգային հանրության մոտ բարձրաձայնելու՝ այնտեղ ինչ է կատարվում:
«Արցախում ապրողները գիտեն՝ ինչպես պայքարել: Դուք վայելում եք իմ կուսակցության եւ հույն ժողովրդի սերը»,-ասաց Գարիֆալիա Կանելլին:
Հույն պատգամավորը խոսքով Հոլոքոստի նման Հայոց ցեղասպանությունը եւս պետք է դատապարտվի, որպեսզի պատմությունը չկրկնվի:
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր հերթին վստահեցրեց, որ նման այցելությունները հնարավորություն են տալիս միջազգային հարթակներում բարձրաձայնել Ադրբեջանի ագրեսիայի մասին:
Գարիֆալիա Կանելլին այցելեց նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը:











