Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկիրը կառավարում է հռոմեական կայսր Կալիգուլայի ոճով: Այդ մասին խորհրդարանականը հայտնել է Գերագույն Ռադայում ելույթի ընթացքում, որի տեսագրությունը նա հրապարակել է YouTube-ի իր ալիքում:
Քաղաքական գործչի խոսքով, Պորոշենկոն երկրում բռնազավթել է իշխանությունը. «Իր տակ է դրել կենտրոնական ընտրական հանձնաժողովը, դատական համակարգը, ՈՒԱԾ-ն»: «Կալիգուլան սենատի անդամ էր դարձրել իր շանը, որը երկար ժամանակ «ամենաբարձրաստիճան հովատակն էր համարվում», իսկ կայսրը, իհարկե, խելագար: Մեր «խելագար կայսրը» կառավարությունը լցրել է իր «ձիերով», այժմ գլխավոր դատախազին էլ է ուզում իր տակը դնել, որ օգտագործի իր քաղաքական նպատակներով», — ասել է Լյաշկոն:
Նա այդպես է մեկնաբանել երկրի գլխավոր դատախազի պաշտոնում Գերագույն Ռադայում «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության նախագահ Յուրի Լուցենկոյին նշանակելու նախաձեռնությունը, վերջինս ուկրաինական նախագահի խնամին է: Պաշտոնը զբաղեցնելու համաձայնության մասին Լուցենկոն հայտնել է ապրիլի 11-ին: Այժմ ուկրաինական օրենսդրության համաձայն, գլխավոր դատախազը պիտի իրավաբանական կրթություն եւ իրավունքի ոլորտում տասը տարվա աշխատանքային ստաժ ունենա: «Ինտերֆաքս-Ուկրաինայի» տվյալներով, երեքշաբթի` ապրիլի 19-ին Պորոշենկոն պահանջների հեշտացման վերաբերյալ օրենքի նախագիծ կմտցնի Ռադա Լուցենկոյին այդ պաշտոնին նշանակելու համար:











