Ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանը կարծում է, որ Ղարաբաղի հարցը պետք է վերջապես լուծում ստանա օրինավոր ձեւով, հակառակ դեպքում Ադրբեջանը կշարունակի անըևդմեջ հարձակման փորձեր իրականացնել:
«Երբ ապրիլի սկզբին եղավ այս հարձակումը, հարցեր կային բաց, թե ով ում է պաշտպանում, ում արդարացնում: Հիմա արդեն ինչ-որ բաներ պարզ դարձան, հատկապես թե ինչպես էին նախատեսել այս հարձակումը եւ այլն: Ես հուսով եմ, որ այս ամեն ինչը հանդարտ ձեւով կորոշվի, եւ ժողովուրդը չի տուժի, բայց Ղարաբաղի հարցը պետք է վերջապես լուծվի օրինավոր ձեւով, համաշխարհային մասշտաբներով: Եթե ոչ, ամեն ինչ կմնա այսպես»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սերժ Ավետիքյանը:
Ֆրանսահայ կինոռեժիսորի համար պարզ է, թե ինչու այս քառօրյա պատերազմի օրերին եւ դրանից հետո Ադրբեջանից ավելի ակտիվ Թուրքիան է: Ըստ Սերժ Ավետիքյանի, եվրոպացիներն արդեն զգում են, որ Թուրքիան ոչ միայն երկկողմանի, այլեւ քառակողմ խաղ է խաղում. «Եվրոպացիները սկսում են զզվել եւ զգալ, որ Թուրքիան ոչ միայն երկկողմանի, այլ չորսկողմանի խաղ է խաղում, որովհետեւ ուզում է բոլորից էլ ինչ-որ բան հայթայթել, քաղել: Ժամանակն է, որ հարցեր բարձրանան այն մասին, որ Թուրքիան սահմանն անցնում է: Այս օրերին Արցախի հակամարտության մասին ավելի շատ Թուրքիան է խոսում, քան Ադրբեջանը, բայց ի՞նչ կապ ունի Թուրքիան այս ամենի հետ: Այդտեղ կան ինչ-որ բաներ մտածելու, թե այս լարվածությունը եւ խաղերը ինչպես են կարողանում կազմակերպել: Եթե մենք խանգարում ենք ճիշտ ձեւով, ապա կարող ենք լեզու գտնել: Հենց այս ճշմարտությունն է պետք այսօր հաստատել»:











