Նախագահ Սերժ Սարգսյանն ինձ կոչ էր արել ծրագիր իրականացնել Հայաստանում։ Անել մի բան, որը օրինակ կծառայեր մյուսների համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ամերիկահայ գործարար, ամերիկյան Flagship Ventures վենչուրային ընկերության ղեկավար Նուբար Աֆեյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ իրենց հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի առաջարկին։

Աֆեյանի խոսքով՝ ինքը սիրով պատրաստ է Հայաստանում ծրագիր իրականացնել, եւ դրա համար իրեն վստահելի մարդիկ են պետք։

«Բաց ձեւաչափով հանդիպման ժամանակ, երբ ես նրան հյուր էի տարել իմ բիոտեխնոլոգիական ընկերություններից մեկը (Moderna Theurapeutics), նա, դրանից ոգեւորված, կոչ արեց նոր ծրագրեր իրականացնել Հայաստանում։ Նրա նպատակն էր անել մի բան, որն օրինակ կծառայի ուրիշների համար։ Ես ասացի՝ սիրով, ես բավական ակտիվ եմ Հայաստանում, ինչպես գիտեք ֆինանսական ոլորտում ներդրումներով։ Բայց բարձր տեխնոլոգիաներով չեմ զբաղվել մինեւ հիմա Հայաստանում, սակայն ինչու ոչ, կարող եմ տեսնել՝ ինչ հնարավորություններ կան, ինչ մարդիկ կան, որոնք պատրաստ ենք շիտակ աշխատել։ արեւմտյան տնտեսական հիմքերով գործ դնել։ Այդ է առաջին քայլը, գտնել մարդիկ, վստահելի մարդիկ»,- ասել է Նուբար Աֆեյանը։