Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց մենք նորից նմանատիպ վտանգի եւ բարբարոսությունների ենք ենթարկվում, ասես թե ոչ թե 100 տարի է անցել, այլ մեկ օր։ Ուստի պետք է հասկանալ հատկապես, որ անհրաժեշտ է Հայաստանն ու Արցախը հզորացնել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ամերիկահայ գործարար, ամերիկյան Flagship Ventures վենչուրային ընկերության ղեկավար Նուբար Աֆեյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ դասեր պետք է քաղի հայ ժողովուրդը Ղարաբաղում չորսօրյա ռազմական գործողություններից։
Աֆեյանի խոսքով՝ վերջին մի քանի օրերի դեպքերը հայերին անշուշտ արթնացրել են։ «Երկիրը կարող է բանակով հզոր լինել, սակայն երկիրը նաեւ պետք է տնտեսապես հզոր լինի։ Սփյուռքի հայությունը շատ ցնցվեց Ղարաբաղում ապրիլյան դեպքերի կապակցությամբ, հատկապես որ նախագահ Սարգսյանը Բոսթոնում էր այդ օրերին, եւ տեսել էինք նրա հպարտությունը, ուրախությունը եւ հույսը, որ սփյուռքահայերը կարող են Հայաստանին օգնել։ Եվ այդ պահին վտանգը տեսնելը հատկապես մտահոգիչ է։ Պետք է շատ արագ մտածենք, թե ինչպես ենք ապահովելու Հայաստանի եւ Արցախի ապագան։ Միայն ռազմի դաշտում չեն հաղթանակները, պետք է քաղաքական քայլեր կատարենք, որպեսզի հայերին վերաբերող հարցերը այլ ազգերի շահերի թվում լինեն եւ ոչ միայն ֆինանսական շահերի, այլ նաեւ մարդասիրական։ Այս պահին Ամերիկայում շատ են խոսում քաղաքական կոռեկտության մասին։ Աշխարհը դեռ չի ընդունում, որ այս խնդիրներից շատերը որոշ տեսակետից ծայրահեղ մուսուլմանական գաղափարախոսության եւ քրիստոնեության միջեւ է դրված։ Հայերը պետք է հասկացնեն, որ մեզ կոտորելու եւ հալածելու ամենակարեւոր պատճառն այն է, որ մենք քրիստոնյա ենք»,- ասել է Աֆեյանը։
Անդրադառնալով հարցին, թե կոնկրետ ինչ քայլեր է պետք ձեռնարկել՝ դասեր քաղելով ապրիլյան դեպքերից, մասնավորապես բանակը հզորացնելու առումով, Նուբար Աֆեյանը պատասխանեց. «Զենք գնելու համար պետք է ֆինանսական հնարավորություններ ունենալ, դրա համար զարգացած տնտեսություն է պետք, որի համար էլ իր հերթին բաց տնտեսական հարաբերություններ են պետք։ Պետք է միառժամանակ աշխատենք։ Չենք կարող ասել, որ խնդիրն այն է, որ բանակը պետք է զորացնել. մի քանի տասնյակ ուղղաթիռ գնելով այս խնդիրը չի լուծվելու։ Պետք է առողջացնենք հասարակությունը, որի արդյունքը կդառնա զորավոր բանակը եւ ուսյալ ժողովուրդը»։
Աֆեյանի խոսքով՝ հարեւան երկրներին չես կարող ընտրել, եւ մենք Ադրբեջանի հետ հայտնվել ենք նույն տարածաշրջանում։ «Մի կողմից մենք կռվել ենք, հաղթել ենք ու այդ հողերը պատերազմով ենք վերցրել եւ նվեր չենք ստացել Ադրբեջանից։ Մյուս կողմից մարդիկ ուզում ենք ապահով կյանք ապրել, անխուսափելի է հաշտվելը եւ անհրաժեշտ է միասին ապրելու համար քայլեր ձեռնարկել։ Երկրները չեն որոշում իրենց հարեւաններին։ Մենք ծնվել ենք այստեղ, եւ այդ երկիրը տարածաշրջանում մեր հարեւանն է։ Այդ հարցը լուծելու համար կան մասնագետներ եւ քաղաքական գործիչներ, ես ինձ իրավունք չեմ վերապահում, թե ինչպիսին է լինելու լուծումը։ Բայց լուծումը պետք է գտնել, որը վերջիվերջո ղեկավարությունը պետք է գտնի։ Ասեմ, որ անչափ դժվար գործ է»,- եզրափակել է Նուբար Աֆեյանը։











