ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել է Լոնդոնի «Գլոբուս» թատրոն, որտեղ նրա համար 10 րոպեանոց առանձին ներկայացում են կազմակերպել՝ ներկայացնելով Համլետի հայտնի մենախոսությունը: Ըստ Reuters-ի, ապրիլի 23-ին Բրիտանիայում նշում են Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցը, որը «Գլոբուս»-ի համասեփականատերերից էր:

«Հրաշալի էր: Չէի ուզում, որ ներկայացումն ավարտվի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահն ու սեղմել դերասանների ձեռքերը: Ավելի վաղ Օբաման Շեքսպիրի ողբերգություններն իրեն ոգեշնչող կարեւորագույն գրքերից էր կոչել:

NEWSru.com-ի փոխանցմամբ, երեկոյան «Գլոբուս»-ում «Համլետ»-ը ներկայացվելու է լոնդոնյան հանդիսատեսի համար: Այս ներկայացմամբ կավարտվի թատերախմբի երկամյա շրջագայությունը, որի ընթացքում դերասանները հանդես են եկել աշխարհի 189 երկրներում:

Հավելենք, որ ապրիլի 23-ին Twitter սոցցանցում առավելապես տարածված են #ShakespeareLives եւ #Shakespeare400 հեշթեգերը: