ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Գերմանիա է ժամանել աշխատանքային այցով: Օբաման ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի հետ կբացի Հաննովերում արդյունաբերական տոնավաճառը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Հաննովերի տեխնոլոգիաների եւ արդյունաբերական ներդրումների տոնավաճառը աշխարհում խոշորագույնն է համարվում, եւ այս տարի միջոցառման գործընկեր-երկիրը ԱՄՆ-ն է: 

Օբաման ԳԴՀ է այցելել իր համաշխարհային շրջագայության շրջանակում, մինչ այդ նախատեսված էին կանգառներ Սաուդյան Արաբիայում եւ Մեծ Բրիտանիայում: 

Տոնավաճառի դիմաց հազարավոր մարդիկ էին հավաքվել ի նշան բողոքի ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի դեմ: Մոտ  90 հազար մարդ փողոց է դուրս եկել, մոտավորապես 35 հազար ոստիկան ապահովում է անվտանգությունը: 

Տեղական ԶԼՄ-ները նշում են, որ Օբամայի եւ Մերկելի հանդիպման թեման կլինի ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի պայմանների քննարկումը: