Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ամերիկյան Bloomberg գործակալությանը, որում որոշ մանրամասներ է բացահայտել ապրիլյան պատերազմի եւ բանակցային գործընթացի վերաբերյալ: Նախագահի խոսքով՝ հայկական կողմը իմացել է հակառակորդի կողմից նախապատրաստվող հարձակման մասին, բայց ստույգ տեղեկություններ չի ունեցել այդ գործողությունների ծավալի եւ ուղղության մասին, քանի որ խոսքը մոտ 200 կիլոմետր երկարությամբ տարածքի մասին է: Գիշերը ժամը 3:00-ին դիվերսիոն հետախուզական խմբերը մտել են մեր թիկունք, մոտեցել Թալիշ գյուղին, որտեղ  մարտի են բռնվել պարեկային խմբի հետ: Զուգահեռաբար ադրբեջանցիներն սկսել են հարձակվել նաեւ առաջին գծում, իսկ արդեն 6:30-ին հարձակման են անցել ճակատի ողջ երկայնքով՝ մեծաքանակ հրետանու, տանկերի, անօդաչու սարքերի ուղղաթիռների կիրառմամբ: Հյուսիսային ստորաբաժանումը չի կարողացել առաջին օրն ամբողջովին անցնել պաշտպանության, բայց պաշտպանական բանակն արդեն հասցրել էր անցնել պաշտպանության եւ այլեւս որեւէ տեղ ադրբեջանցիները հաջողություն չեն ունեցել: Նախագահի խոսքով, չնայած հակառակորդի կողմից պարբերական խախտումներին՝ կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը պահպանվում է, սակայն պատերազմը ամեն վայրկյան կարող է կրկնվել: Ինչ վերաբերում է բանակցությունների վերսկսմանը, Սերժ Սարգսյանն ասել է՝ պատերազմից հետո խոսել բանակցությունների մասին՝ տրամաբանական չէ եւ դա շատ լավ հասկանալով՝ Սերգեյ Լավրովն իր հետ որեւէ առաջարկ Երեւան չէր բերել: Նախագահը նշել է, թե որ դեպքում հայկական կողմը պատրաստ կլինի սկսել բանակցությունները:  

Արդեն երկու օր է՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը ի թիվս այլ զինատեսակների  կիրառում է նաեւ SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ: Ապրիլի 23-ին փորձել է խոցել ՊԲ պաշտպանության խորքում գտնվող զրահատեխնիկան, իսկ այս գիշեր հրթիռը կիրառվել է շփման գծի Մարտակերտի ուղղությամբ: Երկու անգամ էլ հակառակորդը վրիպել է: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են ձեռնարկել: Նախօրեին հրադադարի խախտման հետեւանքով հայ զինծառայող է վիրավորվել:

Հայ զինծառայողների խոշտանգումների փաստերը կքննի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Դատարանն արդեն գրանցել է մի խումբ իրավաբան-իրավապաշտպանների գանգատները՝ ընդդեմ Ադրբեջանի: Փաստաբանները ՄԻԵԴ են դիմել ապրիլյան պատերազմի ընթացքում սպանված,  ապա գլխատված, անդամահատված զինծառայողների ընտանիքների անունից:

Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի բացթողումները վերլուծելու համար խորհրդարանական ընդդիմությունն այսօր պահանջել է Ազգային ժողով կանչել բանակցային գործընթացի եւ բանակի պատասխանատուներին: Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ անհրաժեշտ է հանդիպում Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի հետ: Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ պատերազմի առաջացրած հարցերի պատասխանները ստանալու համար հարկավոր է  փակ քննարկում՝ նաեւ արտգործնախարարի մանսակցությամբ: Այդ քննարկումները հնարավորինս արագ պետք է կազմակերպել՝ ասել է Զարուհի Փոստանջյանը, պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է, սխալների կրկնություն չի կարելի թույլ տալ

Հայ ազգային կոնգրեսը առկախում է իր մասնակցությունը Ընտրական օրենսգրքի քննարկումներին: Լեւոն Զուրաբյանն իրենց որոշումը բացատրել է նրանով, որ իշխանությունները պատրաստ չեն հասարակությանն ընդառաջ գնալ եւ այս հարցում կոնսենսուս չկա: Ընտրական օրենսգրքի համահեղինակ Դավիթ Հարությունյանը ՀԱԿ-ի այս հայտարարությունն անվանել է ուլտիմատում

Այս տարի Հայոց Ցեղասպանության մասին աշխարհն ավելի շատ խոսեց նաեւ Ջորջ Քլունիի շնորհիվ: Հոլիվուդյան հայտնի դերասանը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր գնացել նախագահ Սերժ Սարգսյանի, ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրի ուղեկցությամբ: Երեկոյան նա Երեւանում մասնակցեց «Ավրորա» առաջին մրցանակաբաշխությանը եւ 100 կյանքի համահիմնադիր Ռուբեն Վարդայանի հետ միասին հայտարարեց  առաջին դափնեկրի անունը՝ Մարգարեթ Բարանկիցե:

Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին աֆրիկացի այս խիզախ կինն իր հիմնադրած խնամքի կենտրոնների միջոցով բազմաթիվ կյանքեր է փրկել:Բարանկիցեն հիմնադրամից ստացավ 100,000 դոլարի պարգեւ եւ եւս  1,000,000 դոլար, որը նա իր ցանկությամբ կբաժանի բարեգործական կազմակերպությունների միջեւ: Իր շնորհակալության խոսքում Մարգարետը հիշեց հայերի Ցեղասպանությունը:

«Հայերը մեզ սովորեցնում են չկոտրվել: Ժողովուրդ, որն իր ապրած ողբերգությունից հետո կարողացել է պետություն ստեղծել»,- ասաց դափնեկիրը

Տպավորիչ էր նաեւ Ջորջ Քլունիի խոսքը: «1,5 մլն զոհերի հիշատակը պետք է հարգել՝  ողբերգությունն իր անունով կոչելով՝ Ցեղասպանություն: Հիտլերն ասել էր` «ո՞վ է հիշում այսօր հայերին»: Ամբողջ աշխարհը, ահա թե ով»

Ջորջ Քլունիի մասնակցության շնորհիվ «Ավրորա» մրցանակաբաշխությունն ու Ցեղասպանության տարելիցի միջցառումները լայնորեն լուսաբանվեցին համաշխարհային մամուլում: New York Times-ն ընդգծել է, որ Բարանկիցեն մրցանակը ստացել է ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Telegraph-ը մեջբերել է Քլունիի խոսքը այն մասին, որ իր իռլանդացի ընտանիքը որպես փախստական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, եւ ոտքի կանգնել բարի մարդկանց շնորհիվ: Մրցանակաբաշխության ժամանակ Քլունին աշխարհին կոչ արեց ճանաչել Հայոց Ցեղասպանությունը՝ գրել է Guardian-ը: Համաշխարհային լրատվամիջոցները մանրամասն անդրադարձել են եւ Քլունիի ելույթին, եւ նրա հայաստանյան այցին ընդհանրապես: Դերասանն այս գիշեր մեկնել է Հայաստանից

Ցեղասպանության աշխարհին իրազեկելու գործում հետեւողական է նաեւ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Նա սոցցանցերի իր միլիոնավոր երկրպագուներին կրկին հիշեցրել է հայ ժողովրդի պատմության մասին եւ ապրիլի 24-ին կոչ արել միասնական լինել Ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար:

Աշխարհով մեկ ապրիլի 24-ին հայկական համայնքները հիշատակի երթեր ու հանրահավաքներ են կազմակերպել: Ամենամեծ երթը ավանդաբար տեղի է ունցել Լոս Անջելեսում: Այստեղ ճանաչման ու դատապարտման պահանջով փողոց է դուրս եկել շուրջ 60 հազար մարդ

Խորթ հորը սպանելու մեջ մեղադրվող գյումրեցի 25-ամյա Մաքսիմ Բաքոյանի համար դատարանը մեղմ պատիժ է սահմանել՝ 4 տարվա ազատազրկում, մինչդեռ դատախազը պահանջել էր 10 տարի: Ազգությամբ եզդի Մաքսիմ Բաքոյանի մորը երեք տարի առաջ Թուրքիայում սպանել էր ազգության քուրդ ամուսնու եղբայրը: Մեկ տարի անց արդեն Գյումրիում վեճի ժամանակ Մաքսիմը վրեժխնդիր էր եղել խորթ հորից, երբ իմացել է, որ հենց նրա հրահանգով է սպանվել մայրը:

Դոլարի, եվրոյի եւ ռուբլու փոխարժեքները նվազել են՝ կազմելով համապատասխանաբար 479, 539 եւ 7.21 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է՝ 691 դրամ: 

Երեւանում ապրիլի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի մինչև 13, իսկ վաղը ցերեկը՝ մինչև 28 աստիճան տաքություն։