Փարիզում աշխատանքային օրենսդրության բարեփոխումների դեմ ցույցերի մասնակիցների թիվը մայիսի 17-ին, ըստ ոստիկանության տվյալների, կազմել է 11-12 հազար, մինչդեռ արհմիությունները հավաստում են, որ շուրջ 55 հազար մարդ է փողոց դուրս եկել: Այս մասին գրում է Figaro-ն:
Անցկացված երթն ուղեկցվել է անկարգություններով. ցուցարարներն իրավապահների ուղղությամբ քարեր եւ դյուրավառ նյութեր են նետել, իսկ ոստիկանները պատասխանել են արցունքաբեր գազով:
Ըստ «Ռոսբալտ»-ի, Մանուել Վալսի կառավարության առաջարկած աշխատանքային օրենսդրության ազատականացումը պետք է նպաստի Ֆրանսիայում նոր աշխատատեղերի ստեղծմանը, սակայն որոշ կետեր, որոնք, օրինակ, թույլ են տալիս ավելացնել աշխատանքային օրվա տեւողությունը, իսկ ձեռնարկություններին հնարավորություն են ընձեռում ավելի դյուրին աշխատանքից ազատել աշխատակիցներին, դժգոհության առիթ են տվել:











