Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ներկա փուլին վերաբերող խնդիրներ, երոկուստեք կարեւորվել է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացումը:
ԵՏՄ երկրների վարչապետերը ժամանել են Երեւան, որտեղ կայացել է ԵՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Այս նիստը Երեւանում պետք է անցկացվեր դեռեւս ապրիլի 8-ին, սակայն քառօրյա պատերազմով պայմանավորված՝ Ղազախստանը պնդեց, որ այն հետաձգվի: Երեւան են ժամանել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետերը: Նիստից առաջ վարչապետերին ընդունել է Սերժ Սարգսյանը, իսկ Դմիտրի Մեդվեդեւի հետ առանձնազրույց է ունեցել, որի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ղարաբաղյան կարգավորմանը եւ Վիեննայի հանդիպմանը:
Ժիրայր Սեֆիլյանը տարածել է հայտարարություն, որում նշում է, որ պատրաստ է իր ղեկավարած Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորման եւ կամավորների հետ համատեղ ստանձնել ապրիլյան պատերազմում կորցրած դիրքերը վերադարձնելու գործը: Սրանով Սեֆիլյանն արձագանքել է Սերժ Սարգսյանի հարցազրույցին, որում նա ռազմական գործողությունների կոչ անողներին առաջարկել էր խոսելու փոխարեն առաջնագիծ գնալ ու փորձել հետ բերել այդ դիրքերը՝ նշելով, որ ինքը սխալ է համարում մարդկային մեծ կորուստների գնով այդ տարածքները վերադարձնելը, հատկապես որ դրանք ռազմավարական եւ մարտավարական առումով կարեւորություն չեն ներկայացնում:
Կորցրած տարածքները հետ բերելը բանակի համար մեկ երկու օրվա խնդիր է՝ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, բայց դա կարվեր կորուստների գնով, ինչը, ըստ նրա, արդարացված չէ:
Խորհրդարանում ավանդական ճեպազրույցների մյուս թեման պատգամավորների ժամացույցների արժեքն էր: Առիթը լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունն էր, որ գեներալ Մանվել Գրիգորյանը Apple ապրանքանիշի 12 հազար դոլար արժողությամբ ժամացույց է կրում։ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը այս տեղեկությունը մեկնաբանելու փոխարեն իր ժամացույցի գնի մասին է խոսել: Վահրամ Բաղդասարյանը վստահեցրել է, որ իր թանկարժեք ժամացույցը նվեր է ստացել, բայց հրաժարարվել է ցույց տալ այն լրագրողներին:
Առավոտից Գառնի գյուղի բնակիչները կրկին փակել են Երեւան-Գառնի ավտոճանապարհը. պահանջում են չեղյալ հայտարարել կառավարության ծրագիրը, որով նախատեսվում է Ազատ գետից ջուրը խողովակներով հասցնել Արտաշատի 12 գյուղեր, քանի որ դրա հետեւանքով իրենց այգիները չորանալու են, գետը՝ նույնպես: Ոստիկաններին ժամեր շարունակ չի հաջողվել համոզել գյուղացիներին բացել ճանապարհը: Իսկ զբոսաշրջիկները ստիպված են եղել իջնել մեքենաներից ու ոտքով հասնել Գառնու հեթանոսական տաճար: Մեկ ամիս առաջ գառնեցիները կրկին ճանապարհը փակել էին ու հասել նրան, որ շինարարական տեխնիկան դուրս բերվի Ազատի կիրճից, սակայն մի քանի օր առաջ ծանր տեխնիկան կրկին մտել է կիրճ ու վերսկսել աշխատանքները:
Երեւանում այսօր մեկնարկել է Գեւորգ Սաֆարյանի գործով դատավարությունը: Ակտիվիստը մեղադրվում է ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ Ամանորի գիշերը Ազատության հրապարակում բռնություն գործադրելու մեջ: Մինչդեռ Սաֆարյանի հարազատներն ու համախոհները պնդում են` նա քաղաքական հայացքների համար է հետապնդվում: Այդ հիմնավորմամբ էլ առաջին նիստում ամբաստանյալի պաշտպանը միջնորդեց դատավորին ինքնաբացարկ Քաղաքական հնչեղություն ունեցող գործերից հայտնի Մնացական Մարտիրոսյանը մերժեց այս, ինչպես նաեւ մյուս միջնորդությունը՝ գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Մեկնարկել է եւս մեկ աղմկահարույց դատավարություն՝ Տուլայում հայկական ավտոբուսի վթարի գործով: Դատական առաջին նիստին չեն ներկայացել ոչ տուժողները, ոչ էլ մահացած ուղեւորների հարազատները: Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը հայտարարել է, որ ինքը մեղավոր չէ եւ խնդրել է նոր փորձաքննություն անցկացնելո՝ պարզելու վթարի իրական պատճառը: Ըստ նրա փաստաբանների՝ պատճառը «Քինգ Դելյուքս»-ին պատկանող ավտոբուսի արտադրական թերությունն է եղել, սակայն քննիչներն այս վարկածը հրաժարվում են դիտարկել: Գառնիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել արագությունը գերազանցելու համար: Հիշեցնենք, որ վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ:
Հայազգի լեռնագնաց Իրենա Խարազովան նվաճել է Էվերեստը՝ դառնալով առաջին հայ կինը, որը ոտք է դրել աշխարհի ամենաբարձր լեռան գագաթին: Ի դեպ Իրենայի նվաճած բարձունքներից է նաև Արարատ լեռը, որի գագաթին նա 2014-ին ծածանել էր հայոց եռագույնը: Իրենան ծնվել ու մեծացել է Մոսկվայում, նրա ծնողները վրացահայեր են:
Վլադիմիր Ժիրինովսկին Պետդումա աշխատանքի է գնացել հեծանիվով: Սկանդալային քաղաքական գործիչը սրանով աջակցել է այն ակտիվիստներին, որոնք կոչ են անում մեքենաները փոխարինել հեծանիվներով: Չնայած անձրեւոտ եղանակին՝ Ժիրինովսկին մտադրությունից չի հրաժարվել:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի հեռու է գնացել. նա կալինկա է պարել Սոչիում ընթացող գագաթնաժողովի շրջանակում ընդունելության ժամանակ:
Այսօր բոլոր հիմնական արտարժույթները էժանացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 477, ռուբլունը՝ 7.17, եվրոյինը՝ 536, իսկ ֆունտինը՝ 695 դրամ:
Առաջիկա գիշերը Երևանում սպասվում է մինչև +14, իսկ վաղը ցերեկը՝ մինչև +28 աստիճան տաքություն։ Հնարավոր է կարճատև անձրև:











