Մեքսիկայի իշխանությունները փորձում են ուժով վերջ դնել ուսուցիչների բողոքներին, որոնք արդեն որերորդ ամիսն է հանդես են գալիս կրթության կառավարական բարեփոխման դեմ: Դրա ամենավիճելի կետերից մեկը ուսուցիչների պարտադիր մասնագիտական հավաստագրման ներմուծումն է, հայտնում է Euronews-ը: 

Երկրի հարավում գտնվող Օահակա նահանգում, որտեղ ուսուցիչներն առավել համառ դիմադրություն են ցույց տալիս, ոստիկանությունը ձերբակալել է արհմիութենական առաջնորդներից մեկին` Ռուբեն Նունյեսին: Նրան կոռուպցիայի մեղադրանք է ներկայացվել: Նախորդ մի քանի շաբաթում ձերբակալվել է եւս յոթ ակտիվիստ:   

Ավելի վաղ կրթության նախարար Աուրելիո Նունիոն խոստացել էր հեռացնել բողոքին մասնակցող ավելի քան  4 հազար ուսուցչի, եթե նրանք չվերադառնան դասարաններ: Իշխանությունները պնդում են, թե բարեփոխումն անհրաժեշտ է կրթության որակի բարձրացման համար: Իսկ քննադատները հայտնում են, որ երկրի հարավում գտնվող աղքատ շրջաններում ուսուցիչների ֆինանսական ռեսուրսները չեն հերիքում ստանդարտներին համապատասխանելու համար: