Ֆրանսիական ոստիկանությունն այսօր Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների դեմ ամբողջ երկրում անցկացված բողոքի ակցիաների ժամանակ 73 ցուցարարի է ձերբակալել: Ցույցերի ընթացքում իրավապահների հետ բազմաթիվ բախումներ են գրանցվել: Այս մասին հաղորդել է Ֆրանսիայի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ-Անրի Բրանդեն:
Բացի այդ, ոստիկանության տվյալներով, Փարիզում բախումների ժամանակ 29 ոստիկան եւ 11 ցուցարար է վիրավորվել: Մայրաքաղաքում երթի ավարտին 58 մարդ է ձերբակալվել:
Ըստ ՏԱՍՍ-ի, ոստիկանության տվյալներով՝ Աշխատանքային օրենսգրքի դեմ անցկացված ցույցերին այսօր, ընդհանուր առմամբ, շուրջ 125 հազար մարդ է մասնակցել, որոնցից 75-80 հազարը՝ Փարիզում:
Արհմիությունները, սակայն, այլ թվեր են ներկայացնում: Նշվում է, որ Փարիզի փողոցներ է դուրս եկել շուրջ 1 մլն ցուցարար, իսկ ամբողջ երկրում նրանց թիվը կազմել է 1.3 մլն:











