Կիեւի մարզի Սլավուտիչ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարի բացման եւ օծման արարողություն է կայացել:

Խաչքարն օծել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդը՝ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Ըստ Genocide.org.ua-ի, բացման արարողությանը ներկա են եղել քաղաքապետ Յուրի Ֆոմիչեւը, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, Կիեւի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գեւորգյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, տեղի բնակիչներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանների տեղադրում է նախաձեռնել:

Խաչքարեր են բացվել Նիկոլաեւում, Պալտավայում, Դնեպրոպետրովսկում, Կիրովոգրադում, Ուժգորոդում, Խմելնիցկիում եւ այլ քաղաքներում: Իսկ Խարկովում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել: