Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ հանցագործությունները Ադրբեջանի օգտին չեն խոսում։ Այս մասին NEWS.am–ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի ներկայացուցիչ, բուլղարացի պատգամավոր Քրիստիան Վիգենինը։
Ինչպե՞ս կգնահատեք Լեռնային Ղարաբաղում իրավիճակն այս պահին։
Ապրիլին ռազմական բախումներից հետո մենք դրական իրադարձությունների ականատես դարձանք. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն արդեն 2 անգամ հանդիպել են։ Նրանք պատրաստակամություն են հայտնել հետագա համապարփակ որոշում գտնել։ Այդ ճանապարհին առաջին քայլը ԵԱՀԿ դիտորդների ներկայության ընդլայնումն է շփման գծում։ Իմ կողմից ես պատասխանատու եմ խորհրդարանական չափման մեջ հակամարտության լուծման համար, Հայաստանի եւ Ադրբեջանի պատգամավորների միջեւ համագործակցության եւ երկխոսության զարգացման համար, որպեսզի ավելի բարեհաջող մթնոլորտ ձեւավորվի նախագահների միջեւ փոխզիջումների գնալու համար։ Եթե մենք չօգտագործենք ապրիլյան իրադարձություններից հետո ստեղծված պահը, նորից կարող ենք հայտնվել իրավիճակում, երբ լարվածությունը կուժեղանա, եւ վերոնշյալ իրադարձությունները մի քանի ամսից կկրկնվեն։ Այդ պատճառով ես անկեղծ հավատում եմ, որ երկու նախագահների ցանկությունն է այս անգամ լուծում գտնել։ Մեր կողմից մենք՝ ԵԱՀԿ ԽՎ–ն՝ գործադիր իշխանության հետ, նախագահները եւ արտգործնախարարները, անում ենք հնարավորինս այդ գործընթացին օգնելու համար։ Ես շատ շնորհակալ եմ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմին նրանց կառուցողական մոտեցումների եւ իմ ջանքերին աջակցելու համար։
Դուք կարծում եք, որ ադրբեջանական կողմի մոտեցումը կառուցողակա՞ն է՝ հաշվի առնելով, որ նախագահ Իլհամ Ալիեւը պարբերաբար մերժում է շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհրաժեշտությունը։
Ես կարծում եմ, որ այդ մեխանիզմները պետք է տեղադրվեն, քանի որ դա լույս կսփռի իրավիճակի վրա եւ որոշ չափով կմեղմի լարվածությունը, որն առաջանում է հրադադարի ռեժիմի խախտման մեջ կողմերի փոխադարձ մեղադրանքներից։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ այդ մեխանիզմներն արդյունավետ կլինեն կողմերի միջեւ տարաձայնությունների վերացման համար։
Այդ տեսակետից ես կարծում եմ, որ ճնշումը շարունակվում է։ Իմ անձնական զգացողությամբ նախագահ Ալիեւը ոչ թե դեմ է այդ մեխանիզմների տեղադրմանը, այլ դրանք անարդյունավետ գործիք է համարում։ Բայց մենք կշարունակենք համոզել նրան համաձայնել դրան։ Ես կարծում եմ, որ նման մեխանիզմ կտեղադրվի։ Դա նույնպես մեկ փոքր քայլ է, բայց երբեմն մեծ գործերը սկսում են փոքր քայլերից։ Այդ պատճառով ես հավատում եմ, որ այդ քայլերը ճանապարհ կհարթեն ապագայում մեծ լուծումների համար։
Ադրբեջանի ԶՈւ–ն ուժ է կիրառել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ. սպանվել են տարեց բնակիչներ, նրանց ականջները կտրել են, կտրել են հայ զինծառայողների գլուխները, որոնցից մեկինը՝ ողջ ժամանակ։ Միջազգային հանրությունը չպե՞տք է քայլեր ձեռնարկի նման բռնության եւ անմարդկային գործողությունների կանխման համար։
Իհարկե, դա շատ մտահոգիչ տեղեկություն է։ Եթե մենք միջադեպերի հետաքննության նորմալ մեխանիզմներ ունենայինք, միջազգային հանրություն ու ԵԱՀԿ–ն հնարավորություն կունենային ավելի մանրամասն ուսումնասիրել նման դեպքերը։ Ես կարող եմ ասել, որ այդ հարցը բարձրացրել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը, նա, իհարկե, տեղյակ էր այդ հանցագործությունների մասին, եւ դա, անխոս, չի խոսում Ադրբեջանի օգտին։
Որքանով ես հասկացել եմ, լրատվամիջոցներում որոշ հոդվածներ չափազանցված էին։ Այդ վարքը չի խրախուսվել ադրբեջանական իշխանությունների կողմից։ Բնականաբար, մենք պետք է կանգնեցնենք ապագայում շփման գծում ցանկացած բռնություն։ Հրադադարը պետք է պահպանվի երկու կողմից։ Եվ ես հավատում եմ, որ հիմա իրավիճակը հարաբերականորեն կայուն է։ Դա շատ կարեւոր է քաղաքական երկխոսության հնարավորությունների տեսակետից։ Ես հույս ունեմ, որ հրադադարի այս ռեժիմը կպահպանվի եւ հետագայում, մինչեւ մենք կարողանանք հակամարտության համապարփակ լուծում գտնել։
Չե՞ք կարծում, որ նման գործողությունները բնորոշ են ահաբեկչական կազմակերպություններին, ինչպիսին «Իսլամական պետությունն» է։
Խնդիրն այն է, որ պատերազմական պայմաններում միշտ զոհեր են լինում, ընդհատվում են մարդկային կյանքեր, եւ մենք պետք է դրանից խուսափենք։ Ադրբեջանը պետք է այդ հարցով հստակ քաղաքականություն վարի. լրատվամիջոցների եւ քաղաքական հայտարարությունների միջոցով պետք է պարզաբանվի, որ նման վարքն անընդունելի է եւ երբեք չպետք է կրկնվի։ Ադրբեջանը պետք է մեզ վստահեցնի, որ իրենք հասկանում են, որ դա վնաս է հասցնում երկրի հեղինակությանը եւ բանակցային գործընթացում նրանց իսկ դիրքերին։











