Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում հուլիսի 10-ին տեղացած ուժեղ կարկուտն ամբողջությամբ ոչնչացրել է պտղատու ծառերի եւ բանջարեղենի, նաեւ հացահատիկի բերքը։ Գյուղացիները չգիտեն ինչ անել. տարեցներն ասում են՝ իրենց կյանքում առաջին անգամ է կարկուտը նման կործանարար հետեւանքներ ունենում։
Երկու անգամ տեղացած կարկուտն այս գյուղում իսկական «տերեւաթափ» է արել. փողոցներում ամենուրեք տերեւներ են, ծառերի տակ՝ հասած ու խակ դեղձը, սալորը, խնձորը, վազերի վրա՝ արդեն իսկ փչացած խաղողը:
80-ամյա տիկին Արեւհատն արցունքն աչքերին այգում հավաքում է սալորն ու լցնում տարայի մեջ. որդին ասել է՝ մի բան կանեն:
«Լացում ենք բալա ջանն ի՞նչ պիտի անենք: Հարկերը, տուրքերը... ցորենը, ծառերը, ոչինչ չի մնացել: Ամբողջ գիշեր նստել ենք, լացել ենք, չգիտենք ինչ անել: Երկու քոլ պոմիդոր էր, ոչինչ չի թողել: Սա դեռ մեր տան բակն է, հանդերում ավելի սարսափելի է»,- ասում է տիկին Արեւհատն ու շարունակում հավաքել սալորը:
Գյուղից քիչ հեռու հողատարածքներ են. 1300 հա հողատարածք ունեցող Ամբերդում հակակարկտային ոչ մի կայան չկա: Եթե լիներ, կարկուտի հասցրած վնասները թերեւս այսքան մեծ չլինեին, վստահ են ամբերդցիները: Բերքն ամբողջությամբ փչացել է նաեւ այս հողամասերում, որտեղ գյուղացիները կարտոֆիլ, խաղող, լոբի եւ հացահատիկ էին մշակում: Բերքը պիտի հավաքեին, վաճառեին ու իրենց գյուղատնտեսական վարկերը մարեին: Ամեն մեկն արդեն գիտեր, թե ինչքան բերք էր ստանալու եւ ստացած հասույթով ընտանիքի որ խնդիրն էր լուծելու:
«Բանվորին փող եմ տվել, քաղհան անողին փող եմ տվել, սերմ եմ առել, պարարտանյութ... անընդհատ փող եմ ծախսել, որ գոնե եկամուտ ստանամ, բայց հիմա ոչ մի բան չունեմ: Ամբողջ լոբին փչացել է, ո՞նց պիտի անենք, չգիտենք»,- նշում է Ռաֆիկ Խաչատրյանը:
Փչացած հացահատիկը գյուղացիները պետք է կոմբայնով հավաքեն ու թափեն: Ամբերդից կարկուտից անմիջապես հետո կոմբայնավարները հեռացել են՝ շեշտելով, թե այստեղ այլեւս անելիք չունեն:
Նույն պատկերն է նաեւ ծիրանի եւ խնձորի այգիներում: Այստեղ իր «սեւ գործն» արել է նաեւ քամին՝ արմատախիլ անելով ու կոտրելով ծառերը: Բերքը նույնպես օգտագործման պիտանի չէ:
Հուլիսի 11-ին առավոտյան Ամբերդ է այցելել Արմավիրի մարզպետը եւ խոստացել, որ պետությունը մենակ չի թողնելու, օգնելու է, սակայն գյուղացիները թերահավատ են: Հունիսի սկզբին տեղացած կարկուտից հետո էլ էին խոստացել օգնել, բայց առ այսօր ոչ մի օգնություն չեն ստացել: Նրանք հույս ունեն, որ գոնե իրենց վարկերը կսառեցնեն, կամ հողի հարկն ու ջրի վարձը, որը տարեկան կազմում է շուրջ 100-150 հազար դրամ, կհանեն:
«Գոնե գյուղացու կողքին կանգնեն, էսպես չի լինի»,- շեշտում են գյուղացիները:
Նշենք, որ կարկուտն ու քամին այս գյուղում կոտրել են պատուհաններ, վնասել տանիքներ ու մեքենաներ:











