Երեւանի Շենգավիթ համայնքում հուլիսի 8-ին տեղի ունեցած  ողբերգական դեպքը, որի ժամանակ Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել է զոքանչին, աներոջն ու կնոջը,  դատական սխալի հետեւանք է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պնդեց  կացնահարված կնոջ՝ ԹագուհիՄանսուրյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը։ 

Նշենք, որ  Վլադիկ Մարտիրոսյանը  Թագուհու նախկին ամուսինն է։ Ամուսնության առաջին օրվանից զույգն անհաշտ է եղել, ընտանեկան վեճերն ուղեկցվել են  ծեծ ու ջարդով, որն հանգուցալուծվել է ամուսնալուծությամբ։ Սակայն  դրանից հետո ընտանեկան դրաման  թեւակոխել է այլ փուլ, արդեն բռնությունները եղել են 2-ամյա երեխային տեսակցելու պատճառով։

Հուլիսի 8-ին հերթական անգամ այդ  պատրվակով Վլադիկը  վիճել է նախկին կնոջ ընտանիքի հետ, դարանակալել շենքի մուտքի մոտ եւ լուսադեմին կացնահարել կնոջը, աներոջն ու զոքանչին։ Զոքանչը տեղում մահացել է, աներն ու Թագուհին բազմաթիվ վնասվածքներով գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում։  Վլադիկ Մարտիրոսյանը  ձերբակալված է։ 

Ըստ նախկին կնոջ ու աներոջ՝ մինչ ձերբակալությունը, նա պարբերաբար է այցելել իրենց, երեխային տեսակցելու պատրվակով սկանդալ սարքել, սպառնացել՝ սպանել, տունը պայթեցնել։ Տեսակցությունն արգելել են, քանի որ երբեւէ ալիմենտ չհատկացրած հայրը հաճախ է սպառնացել, որ կփախցնի երեխային։ Ուշագրավ է, որ Վլադիկ Մարտիրոսյանն այս սպառնալիքներն ու բռնությունները իրականացրել է դատապարտված լինելու ժամանակահատվածում։

2015 թվականի փետրվարին, երբ դեռ ամուսնալուծված չեն եղել, նա դաժան ծեծի է ենթարկել կնոջը, խոշտանգել։  Գործը ընթացք է ստացել եւ արդեն 2016-ի փետրվարին դատարանը Վլադիկ  Մարտիրոսյանին մեղավոր  է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում (խոշտանգում) և դատապարտել ազատազրկման 6 ամիս ժամկետով, սակայն որոշել է Մարտիրոսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1  տարի ժամկետով:  Եւ ահա այս փորձաշրջանի փուլում էլ տեղի է ունենում  ողբերգությունը՝ զոքանչի սպանության ելքով։

«Ամսի 7-ի գիշերը վերադարձել եմ տուն, մտա պադեզդ եկավ հարվածեց գլխիս ու ձեռքիս, հետո ինքը  զանգահարեց ոստիկանություն, թե ես ու մայրս ենք հարվածել, բայց նման բան չի եղել։ Զանգահարեց եկան ոստիկանները, ինձ ու մայրիկիս տարան ոստիկանության բաժանմունք , մենք էնտեղ բացատրեցինք՝ որը ոնց է եղել, հետո ժամը  4-ի կողմերը հետաքննիչը մեզ  ճանապարհեց տուն, ժամը 4-ին բերեց իջեցրեց տուն։ Մենք մտանք պադեզդ, ինքը դարանակալել էր պադեզդի դռան հետեւը, հակառակ դեպքում կտեսնեին ոստիկանները, ու հարվածեց  ինձ: Կացինով հարվածեց դեմքիս, մեջքիս փորիս, ես ընկել եմ ու օգնություն եմ կանչել, մայրս փորձեց ինձ օգնել,  մայրիկիս խփեց, հետո հայրս դուրս եկավ, հայրիկիս եմ հիշում ու դրանից հետո էլ չեմ հիշում, ոչինչ։  Հայրիկիցս իմացա ,որ երեխաս եկել տեսել է ինձ այդ վիճակում»։  Նա ու հայրը չգիտեն, որ մայրը մահացել է։

Հայրը՝ Վաչագան Մանսուրյանը պնդեց, որ  երեխային տեսակցելու համար կռիվ անող Վլադիկը այսքան ժամանակ անգամ մի դրամ ալիմենտ չի տվել։

«Ոչ մի դրամ ալիմենտ չի տվել։ Մայրը չի զրկել երեխային տեսակցել, ես էլ չեմ զրկել, նույնիսկ տուն էր եկել տեսել, ուղղակի ինքը վարքագիծ չի ցուցաբերել, որ թույլ տա մեր եխային տեսնելու, քանի որ նա երբ մտնում էր մեր տուն, ցանկանում էր երեխային վնասեր, փախցներ եւ այլն։ Իրավապահներին հայտնում էինք, որ վտանգավոր է, միշտ էլ հայտնել եմ, որ նա երեխայի համար վտանգ է ներկայացնում, նույնիսկ թաղային լիազոր ներկայացուցչի հետ է եկել տեսել։ Մենք մի քանի անգամ տարել  ենք տեսակցելու,  ինքը չի ներկայացել»,-պատմում է Թագուհու հայրը:

Վաչագան Մանսուրյանը  տարակուսած է, որ իրենց պարբերաբար հետապնդող ու աղջկան խոշտանգող անձի նկատմամբ դատարանը նման մարդասիրական  վերաբերմունք է դրսեւորել, մինչդեռ նա նույնիսկ  դատապարտման փուլում  ոչ մի օր նորմալ վարքով չի դրսեւորվել։

«Դատավորն էլ սխալ որոշում կայացրեց, տվեցին ընդամենը 6 ամիս պայմանական եւ մի տարի, այսպես ասած, դաստիարակչական շրջան, բայց ոչ մի անգամ չդաստիարակվեց, ոչ երեխայի, ոչ կնոջ նկատմամբ։ Այս ընթացքում բազմաթիվ անգամ գալիս էր մեքենայով, հետապնդում էր ինձ։  Վերջերս՝ հունիսի  21-ին հարվածեց իմ դեմքին, ֆիքսել էին տարածքի տեսախցիկները, ու ես հենց էդ գործով էի գնացել հուլիսի 7-ին ոստիկանություն: Երբ եկա տուն ու բակում նորից կանգնած էր։ էդ օրն էլ եղավ դեպքը»,- նշեց Վաչագան Մանսուրյանը:

Նա դժգոհում էր  ոստիկանությունից, թե իրենք պարբերաբար են ահազանգել, սակայն գործին ընթացք չի տրվել, եթե համապատասխան պատիժ լիներ,  ապա իրենց մշտապես սպառնացող ու խոշտանգող  անձն ազատության մեջ  չէր լինի։

Ի հեճուկս  նրա մեղադրանքների՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը NEWS.am-ի հետ զրույցում  նշեց, որ մինչեւ հուլիսի 8-ի դեպքը, այդ ընտանիքից ութ ահազանգ են ստացել, ութի կապակցությամբ էլ նյութեր են նախապատրաստել, ուղարկել քննչական կոմիտե։

Կացնահարված Թագուհու պաշտպան Մարինե Ֆարմանյանը եւս հնչեցնում է այն հարցադրումը, թե ինչու է դատարանը պայմանական պատիժ կիրառել մի անձի նկատմամբ, ով ի վիճակի է բռնություն կատարելու։ 

«Ես էլ այդ նույն հարցն եմ բարձրացնում՝ եթե անձը ի վիճակի է եղել կրկին բռնություն կիրառելու, ինչու պիտի իր նկատմամբ պայմանական պատիժ կիրառվեր, շարունակվող հանցագործության դեպքում ինչու պիտի քրեական գործ չհարուցվեր։ Սա հասարակական վտանգավորությունվ ունեցող արարք է, որքան էլ գործող օրենքը հանցանք կատարած մարդկանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունք դրսեւորեր ու հիմք էր նախատեսում, այնուհանդերձ սա այն դեպքն էր, այն գործը, որի համար պետք է Վլադիկ Մարտիրոսյանը ազատազրկման ձեւով պատիժ կրեր, ինչը եւ դատարանի կողմից չի  կայացել: Մենք գործ ունենք դատական սխալի հետ»,-ասաց փաստաբանը:

Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված դատարանի նման մոտեցումը, եթե ընտանիքի անդամ չլիներ, այլ ասենք հարեւանը կամ անծանոթը, դարձյա՞լ նման որոշում կլիներ, նա պատասխանեց. «Հակված եմ այն մտքին, որ դատավորը մտածել է՝ ամուսիներ են ու միգուցե հաշտվեն։ Փորձաշրջան է նշանակվել եւ էդ ընթացքում ինքը կատարել է առանձնապես ծանր հանցագործություն, որի ժամանակ կարող էին ձերբակալել»։

Ըստ Ֆարմանյանի՝  թերի են աշխատել ե'ւ խնամակալության կենտրոնը, որը սկզբում նախատեսել էր շաբաթական հինգ օր տեսակցություն, ինչը Ֆարմանյանի ջանքերով նվազել է, ե'ւ ոստիկանությունն ու քննչական մարմինը, որոնք ամեն ահազանգ հավուր պատշաճի չեն քննարկել ե'ւ ի վերջո դատարանը, որը մարդասիրական վերաբերմունք է ցուցաբերել։ 

Իրավապահ մարմինների եւ մասնավորապես դատարանի վճռից Թագուհու պաշտպան Մարինե Ֆարմանյանը եկել է այն եզրահանգման, որ այս ողբերգությունը դատական սխալի հետեւանք է։

Պաշտպանը նշեց, որ համակցության խնդիր է եղել, խնամակալության կենտրոնը,  ոստիկանությունը, քննչական ծառայությունը եւ դատարանը ունեն  իրենց մեղքի բաժինը։ «Ոչ մեկ նրանց չի մեղադրում անգործության մեջ, պարզապես թերի են աշխատել»,-ասաց նա։

Նշենք, որ վաղը Վլադիկ Մարտիրոսյանի նկատմամբ մարդասիրական վճիռ կայացրած Շենգավիթի առաջին ատյանի դատարանի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անելու։