Թուրքիան չհաջողված հեղաշրջումից մեկ ամիս անց. Ի՞նչ կատարվեց հարեւան երկրում, ի՞նչ ազդեցություն կունենա այդ իրադարձությունը տարածաշրջանի, մասնավորապես Հայաստանի վրա։ Այս եւ այլ հարցերի շծուրջ NEWS.am-ը զրուցել է Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթեւոսյանի հետ։

Պարոն Տեր-Մաթեւոսյան, Թուրքիայում չհաջողված ռազմական հեղաշրջումից անցել է մեկ ամսից ավելի։ Ի՞նչ կատարվեց այդ երկրում։

Օրեր առաջ դարձավ մեկ ամիսը, սակայն Թուրքիան դեռ շարունակվում է ցնցվել եւ կայունությունը դեռ բավական հեռու է թվում: Այս պահի դրությամբ թվում է թե միայն շահել են Էրդողանը եւ այն քաղաքական թիմը, որ իրեն սատարում է, սակայն, դեռ շատ ջուր է հոսելու եւ շատ անորոշություն կա օդից կախված, որովհետեւ այն գործընթացները, որ շարունակվում էին դրանից առաջ եւ այն, ինչ տեղի ունեցավ երեկ եւ այսօր Թուրքիայում գալիս է վկայելու, որ Թուրքիայի քաղաքացիական պատերազմը դեռ շարունակվում է, եւ հեղաշրջման փորձը դա զինվորականության մեջ գտնվող մի փոքր հատվածի խռովությունն էր եւ բավական անհաջող կազմակերպված փորձ, որի նպատակն էր ավելի շատ վնաս հասցնելու Էրդողանին, քան զրկելու իրեն իշխանությունից, որովհետեւ նման կերպ, նման հեղինակություն վայելող քաղաքական գործչին իշխանությունից չեն հեռացնում: Թուրքիան վերջին 30-32 օրվա ընթացքում բավական մեծ ցնցումների միջով է գնում. արտակարգ իրավիճակ է հայտարարված, որն իրավունք է տվել Էրդողանին խաչ քաշելու մի շարք սահմանադրական դրույթների վրա, կարելի է ասել, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների վրա եւ մի շարք այլ գործոնների վրա, որոնք երկար ժամանակ, երկար տարիներ այս կամ այն կերպ տանելի պայմաններում էին գտնվում Թուրքիայում: Սակայն իրավիճակը այժմ շատ անկայուն է, եւ չկա որեւէ հանգամանք նշելու համար, որ մոտ ապագայում այն ավելի կկայունան ա:

Դուք նշեցիք, որ հեղաշրջման նպատակը ավելի շատ Էրդողանին վնաս հասցնելն էր, արդյոք իրենք այդ առումով հաջողեցի՞ն, թե՞ Էրդողանը ավելի շատ օգտվեց այդ ստեղծված իրավիճակից:

Թեեւ անցել է 33 օր, դեռ վաղ է արդյունքների մասին խոսել, որովհետեւ այն ինչ այժմ տեսնում ենք, բավական խաբուսիկ է, որովհետեւ թվում է, թե Էրդողանը աջ եւ ձախ կարողանում է անել, այն ինչ նա երկար ժամանակ ձգտում էր անել. քրդական շարժումը բավական թուլացած վիճակում է, անգամ քաղաքական թեւը զրկված է քաղաքական գործընթացների վրա ազդելու որեւէ հնարավորությունից, եւ նկատի ունենալով այն, որ Դեմիրթաշի նկատմամբ սկսել են նաեւ իրավական հետապնդումներ իրականացվել, դա բավական բացասական հետեւանքներ կունենա Թուրքիայի ներքաղաքական կայությության վրա, որովհետեւ Թուրքիայի խորհրդարանը արտացոլում է Թուրքիայում քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը: Սակայն, այս պահին Էրդողանը կարողացել է իր կողմ շեղել «Ազգայնական շարժում» կուսակցությանը Բահչելիի գլխավորությամբ եւ ուժերի հարաբերակցությունը կարծես թե իր կողմն է, սակայն դա եւս բավական խաբուսիկ է, որովհետեւ թեեւ Էրդողանին եւ իր ղեկավարած կուսակցությանը եւ Բահչելիի կուսակցությանը շատ հանգամանքներ միացնում են, բայց  միեւնույն ժամանակ շատ գործոններ նրանց բաժանում են: Այնպես, որ սա ավելի շատ ռազմավարական միավորում է, դաշինք է այս պահի դրությամբ այս րոպեական հարցերի լուծման համար:

Ձեր կարծիքով հեղաշրջումը միայն Թուրքիայի զինվորականների նախաձեռնությո՞ւնն էր, թե՞ որոշ գերտերություններ նույնպես ներգրավված են եղել:

Այդ ռազմական հեղաշրջման փորձը բավական տարօրինակ փորձ էր, եւ տեղի ունեցած իրադարձությունները եւս խոսում են այն մասին, որ այն նման չէր նախկինում կատարված ռազմական թե հաջողված, թե անհաջող փորձերին, եւ մինչ այժմ անհասկանալի է, թե այդ հեղաշրջման գաղափարախոսները, թե դրա նպատակները: Եվ այդ առումով դժվար է ասել, թե, որոնք են եղել այն ակտորները, որոնք շահագրգռված են եղել այդ հեղաշրջման հաջողության հարցում: Իհարկե էրդողանական քարոզչամեքենան այնպես շարժեց բոլոր ալիքները, որ Ամերիկան եւ Ամերիկայում ապաստան գտած, ինքնակամ 99Թուրքիային ԱՄՆ տեղափոխված Ֆեթուլլահ Գյուլենն է այս ամենում կանգնած, սակայն ոչ մի ծանրակշիռ փաստ չի ներկայացվել, որպեսզի դա համոզիչ լինի։ Եւ հասկանալի է, որ ԱՄՆ-ն շատ ցավալիորեն է մեկնաբանում եւ ընդունում այն հակաամերիկյան տրամադրությունները, որոնք այժմ Թուրքիայում առկա են: Ամերիկան նաեւ մտահոգված է ավելի ռազմավարական աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումներով, որոնք էապես հակասում են Ամերիկայի երկարաժամկետ ռազմավարական շահերին: Հետեւաբար այն սլաքը, որ Էրդողանն ուղղեց դեպի Ամերիկա, շատերի մոտ տպավորություն ստեղծեց, որ Ամերիկան է իրականում կանգնած այս ամենի հետեւում: Իրականում գոնե այս պահի դրությամբ ոչ մի փաստ չկա, որ կմատնանշեն, որ Ամերիկան իրականում դերակատարում է ունեցել: Գուցե ապագայում նման փաստեր երեւան գան, որոնք մեզ կօգնեն հասկանալ, որ Ամերիկան է այս կամ այն կերպ ներգրավված եղել, սակայն այս պահի դրությամբ անգամ Գյուլենի մասնակցության վերաբերյալ որեւէ ծանրակշիռ փաստ չի ներկայացվել:

Գյուլենին չհանձնելը արդյոք կմեծացնի՞ լարվածությունը Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ։

Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները արդեն լարված վիճակում են։ ԱՄՆ-ի նախագահ Օբաման հեղաշրջման փորձից մի քանի օր անց նշեց, որ Գյուլենի արտահանձնման գործը հեշտ գործ չէ, որովհետեւ դրա համար անհրաժեշտ են ծանրակշիռ անհերքելի փաստեր, որ Գյուլենը ուղղակիորեն ներգրավված է եղել: Եթե անգամ այդ փաստերը տրամադրվեն, ապա դրա համար հարկավոր է երկարատեւ գործընթաց։ Ամերիկյան դատական համակարգի մի քանի ինստանցիաներով անհրաժեշտ է անցնել, որպեսզի հնարավոր լինի Գյուլենին արտահանձնել Թուրքիայի իրավապահ համակարգին, ինչն անուղղակի ակնարկ էր, որ դա հեշտ չէ: Իրականում առաջին անգամ չէ, որ Էդողանը ցանկանում է, որ Գյուլենին հանձնեն Թուրքիային: Մինչ այս հեղաշրջումը եւս մի քանի անգամ տարիներ առաջ՝ 2013թ. դեկտեմբերի սկանդալային դեպքերից հետո Էրդողանը բազմիցս նշել է, որ Գյուլենը այս կամ այն կերպ սատարում է Թուրքիայի պետականության դեմ պայքարող ուժերին, հետեւաբար նրան պետք է արտահանձնել, սակայն ինչպես տեսնում ենք դրանք մինչ այժմ անարդյունավետ են եղել:

Ինչպիսի՞ն կլինի Ինջիրլիքի ռազմական բազայի ապագան հեղաշրջումից հետո, հաշվի առնելով տարածվող տեղեկությունները, թե  հեղաշրջմանը ներգրավվածություն են ունեցել  եւ ձերբակալվել են Ինջիրլիքի զինվորականներ:

Ինջիրլիքի բազան կարեւոր տեղ է զբաղեցնում թուրք-ամերիկյան, Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններում եւ Ինջիրլիքի հետ կապված ցանկացած փոփոխություն եթե լինի, կազդարարի մեծ փոփոխությունների մասին: Այս պահի դրությամբ տարաբնույթ զարգացումներ են տեղի ունենում Ինջիրլիքի շուրջ, որոնք մամուլը լուսաբանում է, սակայն շատերը հեռու են մնում հանրային աչքից. Ամենավերջինը այն տարածված տեղեկություններն են, որ հնարավոր է, որ ԱՄՆ-ի միջուկային մարտագլխիկները կարող են տեղափոխվել Ռումինիա, ինչը մեծ իրարանցում է առաջացրել մերձարեւելյան եւ եվրոպական աշխարհաքաղաքական ակտորների մոտ: Իհարկե դա հերքվեց, բայց այն լուրը, այն հանգամանքը, որ անգամ նման խոսակցություն, քննարկումներ են եղել հանրային որոշ շրջանակներում, խոսում է այն մասին, որ կարծես ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները էապես խաթարվել ու խզվել են եւ կարելի է կարծել, որ Բայդենի այցը Թուրքիա միտում ունի որոշակիորեն նորոգելու այն վստահության պակասը, որը ձեւավորվել է վերջին ամիսների ընթացքում, որովհետեւ ամենեւին էլ այս ռազմական հեղաշրջման փորձով չէ, որ սկսվեցին ԱՄՆ-Թուրքիա հակասությունները:

Ի՞նչ կասեք Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների մասին, որոնք հեղաշրջումից առաջ շատ լարված էին, իսկ հետո սկսեցին արագ վերականգնվել: Արդյոք դա որեւէ կերպ կապվա՞ծ է եղել հեղաշրջման հետ:

ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին հակառակ, Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները սկսեցին բարելավվել, կամ առաջին փորձերն արվեցին այն բանից հետո, երբ Էրդողանը դժկամ ներողություն հայտնեց։ Արդեն մենք հիմա հասկացանք, որ Նազարբաեւը բավական մեծ դերակատարում է ունեցել այդ կուլիսային դիվանագիտության մեջ:  Եվ իրոք, այս պահի դրությամբ, Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները վերադառնում են գոնե այն տրամադրությունների շուրջ, որպեսզի վերանայվեն այն բացասական դրսեւորումները, որ հասցվել են անցյալ տարվա նոյեմբերին: Իհարկե այդ հարաբերությունները վատթարացել էին դեռ 2011թ.-ից ի վեր, սակայն հասկանալի է, որ եթե Թուրքիան համաձայնվել է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա Պուտինը էապես թելադրած կլինի պայմաններ, որոնք Թուրքիայի համար անպայման չէ, որ բարեհունչ լինեն։ Հասկանալի է, Թուրքիան լուրջ հակասությունների մեջ է ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ, մյուս կողմից Ռուսաստանի տնտեսությանը հարկավոր են նոր պատուհաններ, որովհետեւ շարունակվող տնտեսական անկումը էապես ազդել է Ռուսաստանի հասարակության տնտեսական ցուցանիշների վրա: Այնպես որ, կարելի է ասել, այս մերձեցումը Արեւմուտքի կողմից երկու մերժվածների դաշինք է կամ ժամանակավոր մերձեցում: Ինչու ժամանակավոր, որովհետեւ այն հակասությունները, որոնք առկա են եղել այս երկու աշխարհաքաղաքական կարեւոր բեւեռների միջեւ, նկատի ունեմ Ռուսաստանը եւ Թուրքիան, դրանք տակավին շարունակում են առկա լինել, իրենց զգացնել տալ եւ այն հանգամանքը, որ Պուտինը եւ Էրդողանը հանդիպեցին, ամենեւին էլ չի նշանակում, որ այդ հակասությունները մղվել են 2-րդ պլան: Իհարկե այստեղ խոսք է գնում Ռուսաստանի եւ Թուրքիայի առեւտրային ծավալները 100 մլրդ ԱՄՆ դոլարի հասցնելու եւ առաջ անցնելու մասին, սակայն այս պահի դրությամբ դրանք միայն հայտարարություններ են, որովհետեւ դեռ երկար ճանապարհ կա դրան հասնելու համար։ Այժմ այս երկու երկրները բավական մեծ, հավակնոտ օրակարգ են ներկայացրել եւ քաղաքական գործընթացներում կփորձեն դրանց հասնել։ Մեծ հարց է, թե ինչպես է դա լինելու: Կարծում եմ՝ դրանց առավել կարեւոր նպատակը, ոչ թե ինչ-որ շոշափելի արդյունք արձանագրելը, այլ շատ ավելի կարեւոր աշխարհաքաղքական գործըթաց սկսելն է: Թուրքիան առաջին անգամ չէ, որ ցանկություն է արտահայտել մաս կազմել այն ինտեգրացիոն գործընթացներին, որոնք Ռուսաստանը կամ Չինաստանը նախաձեռնել են. Թուրքիան անտարբեր չի եղել այս գործընթացների նկատմամբ, եւ սա շատ լավ առիթ է գոնե Արեւմուտքից ինչ-որ բան վերցնելու կամ ստանալու համար, ցույց տալու, որ հերթական անգամ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը առանցքային թեքում է կատարում դեպի Ռուսաստան, Չինաստան կամ Իրան:

Ըստ Ձեզ, ո՞րն է Հայաստանի հեռանկարը այս ամենի ֆոնին, անհրաժեշտ կատարվելիք քայլերը, որ պետք է անի Հայաստանը։

Ընդհանուր առմամբ հասկանալի է, որ աշխարհաքաղաքական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում, որոնք բավական ինտենսիվ են, ինչը իր հերթին կարող է հետաքրքիր հետեւանքներ ունենալ։ Կարեւոր է, որ Հայաստանը հնարավորինս շատ ինֆորմացված լինի այս գործընթացների մասին, սակայն այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի ինֆորմացիայի միակ աղբյուրը Ռուսաստանն է, եւ միայն Ռուսաստանն է, որից մենք հնարավորություն ունենք ինֆորմացիա ստանալ տեղի ունեցած գործընթացների մասին: Ցանկալի է, որ Իրանի հետ այդ խողովակներով հասկանանք, թե ինչպիսի իրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել Բաքվում Իրան-Ադրբեջան-Ռուսաստան հանդիպման ժամանակ, ինչպիսի կոնտեքստում է քննարկվել Արցախյան հիմնահարցը Էրդողան-Պուտին քննարկման ժամանակ, որովհետեւ Ռուսաստանը կարծես այնքան էլ չի ընդդիմանում այն գաղափարին, որ Թուրքիան այս կամ այն կերպ ներգրավված լինի բանակցությունների ձեւաչափում: Այնպես որ այս պահին թերեւս Հայաստանին սա ամենահուզող հարցերից մեկը պետք է լինի:

Ինչպիսի՞ հեռանկար է սպասվում Հայաստանին Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ նախաձեռնված նոր համագործակցության ֆոնին: Այս երկրների միջեւ համագործակցության արդյունքում Հայաստանի մեկուսացումը ի՞նչ հետեւանքներ կունենա:

Հայաստանի թիվ 1 քաղաքական օրակարգի հարցը։ Այս հարցին կարող եմ տալ երկու պատասխան. Առաջինը, ավելի շատ արտացոլելով ինտեգրացիոն գործընթացների դինամիկան, որոնք զիգզագաձեւ են իրականում, դրանք շատ հաճախ բարձր ինտենսիվությամբ են ընթանում եւ իրավացիորեն հայկական վերլուծական հանրույթի մոտ եւ հասարակության մոտ կարող է ձեւավորվել տպավորություն, որ Հայաստանը դուրս է մղվում հերթական ինտեգրացիոն գործընթացից, խոսքը գնում է «Հյուսիս-Հարավի» մասին: Իրականում, եթե Հայաստանը ցանկանում է մասնակցել կամ որեւէ կերպ ազդել դրանց վրա, պետք է գիշեր ցերեկ մտածի երկու պրոյեկտի մասին՝ դա Աբխազական երկաթգծին եւ Կարս-Ախալքալաք երկաթգծին այս կամ այն կերպ մաս դառնալու վերաբերյալ: Այս երկու նախագծերը պետք է դառնան Հայաստանի թիվ 1 քաղաքական օրակարգի հարցը: Ավելի ինտենսիվ կերպով պետք է քայլեր կատարվեն։ Եւ Վրաստանում հայկական դիվանագիտական ներկայացչության առջեւ, ինչպես նաեւ Ռուսաստանում հայկական հայկական դիվանագիտության առջեւ, հայկական լոբինգի առջեւ, հսկայական հայկական կազմակերպությունների առջեւ պետք է խնդիր դրվի օր առաջ բացել Աբխազական երկաթգիծը: Որովհետեւ այս կերպ հույսը դնում ենք ընդամենը Վերին Լարսի վրա, որը ժամանակ առ ժամանակ հասկանալի պատճառներով փակվում է եւ կաթվածահար անում թե տնտեսությունը, թե ուղեւորափոխադրումները, թե կապը Ռուսաստանի հետ:

Պետք է մի կողմ դնել հակառուսական տրամադրությունները: Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է կառուցվեն երեք  բաղադրիչների շուրջ՝ անվտանգության հարցը, տնտեսական անվտանգության հարցը եւ Ռուսաստանում ապրող 3 մլն. հայության հարցը:

Մենք որոշ փաստեր պետք է ընդունենք այնպես, ինչպես դրանք կան: Ռուսաստանում ապրում է 3 մլն հայություն. մենք պետք է քաղաքականությունը կառուցենք այնպես, որ այդ քաղաքականության անկյունաքարային հանգամանքը լինի այս գործոնը: Իհարկե հասկանալի է, որ Հայաստանում առկա են որոշ հակառուսական տրամադրություններ, որոնք իրացիոնալիզմից մինչեւ ռացիոնալիզմ են ձգտում եւ շեղումը բավական մեծ է։ Ցանկալի է, որ այդ զգացական մասերը մի կողմ թողնվեն եւ լուրջ մտածվի, թե փոփոխությունների այդ հորձանուտում ինչպիսի հարաբերությունենր պետք է կառուցել նկատի ունենալով՝ Ա. անվտանգության հարցը, Բ. տնտեսական անվտանգության հարցը եւ Գ. հայության հարցը։ Այս երեք բաղադրիչների շուրջ պետք է կառուցվի մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ: