Հովհաննես Թումանյանի թանգարանի ցուցասրահում այսօր՝ օգոստոսի 20-ին, բացվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկայացված էր Աշոտ Պետորսյանի 30 աշխատանք։
NEWS.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ այսօր առաջին անգամ է ծանոթացել գեղանկարչի աշխատանքներին եւ շատ տպավորված է դրանցով։
«Նա մարդ է, որի պարկեշտությունը, ազգային գենն ամենից վեր են։ Նա իսկական արվեստագետ է։ Ես կարծում եմ, որ իր մոտ ամենաուժեղն է դրված նժդեհյան ակունքը։ Այդ ուժն ու համեստությունը միասին բանաձեւ են իր համար»,-ասաց նա։
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն էլ նշեց, որ Աշոտ Պետրոսյանն ու «Սասնա ծռեր» խմբի մյուս անդամները պայքարում են մշակութային Հայաստան կերտելու համար եւ կերտելու են։
Նշենք, որ Աշոտ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ սեպտեմբերի 10-ը։


















