Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց 7 օր անց ուրվագծվեց նոր կառավարության կազմը։ Անկախության տոնի նախօրեին գործադիրը լքեց Գագիկ Բեգլարյանը։ Տրանսպորտի եւ կապի նախարար նշանակվեց Վահան Մարտիրոսյանը, որը, ըստ մամուլի տեղեկությունների, «Ռոստելեկոմի» բաժնետերերից է։ Սերգո Կարապետյանի փոխարեն գյուղնախարար նշանակվեց «Պեռնո Ռիկար» կոնյակի գործարանի գլխավոր ֆինանսիստ Իգնատի Առաքելյանը։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնում Լեւոն Յոլյանի փոխարեն նշանակվեց Աշոտ Մանուկյանը , որը նույն նախարարության կադրերից է: Նախարար նշանակվելուց առաջ նա «Հրազդան Ջեկ»-ի տնօրենն էր, որի միակ բաժնետերն է ռուսական «ԻՆՏԵՌ ՌԱՕ» բաց բաժնետիրական ընկերությունը։ Ֆինանսների նախարար գործադիրի հնաբնակ Գագիկ Խաչատրյանին փոխարինեց Վարդան Արամյանը, որը նորանշանակների մեջ միակն է, որը քիչ թե շատ հայտնի է հասարակությանը։ Վարդան Արամյանը ֆինանսների փոխնախարար էր եւ 2013 թվականին տեղափոխվել է նախագահական նստավայր՝ որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
Նոր կառավարությունում իրենց տեղերը պահպանել են աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եւ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Կադրային փոփոխություն է տեղի ունեցել նաեւ նախագահի նստավայրում։ Ուրուգվայից Բաղրամյան 26 է տեղափոխվել դեսպան Ալեքսան Հարությունյանը, որը երկար տարիներ նախկինում զբաղեցրել է Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի պաշտոնը։ Պաշտոնանկությունների շարքը ամենայն հավանականությամբ կշարունակվի անկախության տոնակատարությունից հետո։
Սեպտեմբերի 20–ին Գյումրիում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Իրենց տան նկուղում գլխին ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է քաղաքապետի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ 25–ամյա Արշակ Գրիգորյանը։ Հարազատները նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն ճանապարհին երիտասարդը մահացել է։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Ողբերգության կապակցությամբ քաղաքապետի բոլոր թեկնածուները ժամանակավորապես դադարեցրել են քարոզարշավը։ Վարդեւան Գրիգորյանը երկու ամիս առաջ էր ազատվել Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնից։ Նա Բարգավաճ Հայաստանի թեկնածուն է հոկտեմբերի 2–ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում։
Սեպտեմբերի 19-ի երեկոյան Արմավիրի մարզում՝ Սևջուր-Ախթամար ջրատարում կնոջ մարմին է հայտնաբերվել։ Ոստիկանությունը պարզել է, որ մահացածը 38-ամյա Նարինե Դանիելյանն է։ Մարմնի տարբեր մասերում բռնության հետքեր են հայտնաբերվել։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կնոջը խանդի հողի վրա վիճաբանության ժամանակ ծեծելով սպանել է ամուսինը՝ 46-ամյա Արթուրը, ապա մարմինը նետել ջրատարը։ Ամուսինը ձերբակալված է։
Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Սերժ Սարգսյանն այսօր մի խումբ անձանց պարգևատրել է բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական կոչումներ:Պարգեւատրվել են քառօրյա պատերազմին մասնակցած զինվորականներ, մշակութային գործիչներ, գիտության, կրթության, առողջապահության ոլորտների ներկայացուցիչներ, պատգամավորներ։ Ոստիկանապետի երկու տեղակալները ստացել են գեներալ-մայորի կոչումներ։ Գեներալ-մայորի կոչում է շնորհվել նաեւ երկու գնդապետի։
Այսօր միայն եվրոն է արժևորվել, դոլարը, ռուբլին ու ֆունտը թուլացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 473, ռուբլունը՝ 7.29, եվրոյինը՝529, ֆունտինը՝ 614 դրամ:











