Կարեն Կարապետյանն այսօր ներկայացրել է 5 նորանշանակ նախարարներին: Մշակույթի նախարարությունում Արմեն Ամիրյանին ներկայացնելիս վարչապետը հիշեցրել է նրա ղեկավարած ոլորտի դերը քաղաքացիների ճաշակի ձեւավորման հարցում: Նախարարությունը պետք է լավ աշխատի, որպեսզի ճիշտ ներկայացնի հայկական մշակույթը աշխարհին եւ ավելի շատ զբոսաշրջիկ բերի Հայաստան: 

Բնապահպանության նոր նախարար Արծվիկ Մինասյանին վարչապետը հանձնարարեց ֆինանսական նոր միջոցներ ներգրավել միջազգային հիմնադրամներից

Արծվիկ Մինասյանը ներկա էր նաեւ ՀՀ Էկոնոմիկայի նոր նախարարի ներկայացմանը` այս անգամ որպես նախկին նախարար: Այստեղ վարչապետը ընդգծեց ներդրողների վստահությունը մեծացնելու անհրաժեշտությունը:

Առողջապահության ոլորտում նոր նախարար Լեւոն Ալթունյանը հանձնարարություն ստացավ հետեւել, որ պետպատվերով բուժման միջոցները առավելագույն արդյունավետ օգտագործվեն, նաեւ ոլորտի խաղացողների միջեւ մրցակցային պայմաններ ստեղծել, ներգրավել միջազգային հայտնի առողջապահական բրենդեր:

Քաղաքացիների առողջությամբ պետք է զբաղվի ոչ միայն Առողջապահության նախարարությունը. Սպորտի նոր նախարար Հրաչյա Ռոստոմյանին վարչապետը հանձնարարեց կազմակերպել ազգային ծրագիր՝  քաղաքացիների շրջանում  տարածելով սպորտով զբաղվելու անհրաժեշտության գաղափարը:

Կառավարության կառուցվածքում նոր փոփոխություններ են սպասվում. լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ շուտով հնարավոր է շուտով Պետեկամուտների կոմիտեն բաժանեն Հարկային եւ Մաքսային ծառայությունների: Հերթական փոփոխության մասին լուրը ԱԺ որոշ ընդդիմադիր պատգամավորների կողմից այսօր Ազգային Ժողովում բուռն քննադատության արժանացավ: Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց` հերթական շտոպկան է, կառավարությունը ձեւավորում են քաղաքական նպատակահարմարության սկզբունքով

Բագրատյանը ակնհայտորեն հիասթափված էր. կառավարության կառուցվածքը փոխում են միայն այն ժամանակ, երբ այդ կառավարության ծրագիրը հաստատված է: 

Բավական բուռն ելույթներով, բայց կիսադատարակ դահլիճում  անցավ Հարկային օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկումները: Փոփոխությունները ներկայացնում էր պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը. Նոր օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է նվազեցնել հարկերը շարքային աշխատողների համար եւ պարզեցնել ընթացակարգերը բիզնեսի համար: Խաչատուր Քոքոբելյանը դժգոհեց` շատ արագ եք փոփոխություններ կատարում, այդպես չի կարելի

Հրանտ Բագրատյանը առաջարկեց հարկեր սահմանել նաեւ Հայ առաքելական եկեղեցու համար

Զարուհի Փոստանջյանը քաղաքականացրեց` նման ոչ ժողովրդավար երկրում Հարկային օրենսգրքով մրցունակություն ապահովելու մասին խոսելն անիմաստ է

Ելույթները եզրափակեց Ազգային Ժողովի փոխխոսնակը. Շարմազանովն անդրադարձավ խոսակցություններին, թե իշխող Հանրապետականը չի սատարում հարկային նոր օրենսգիրքը, քանի որ խմբակցության պատգամավորներն ակտիվ չեն մասնակցում քննարկումներին:

Աշխատանքային օրվա վերջում Ազգային Ժողովի դահլիճում գրեթե մարդ չէր մնացել. Սա ընդգծելու համար Հրանտ Բագրատյանը որոշեց հերթով թվարկել նստածներին եւ այնքան տարվեց թվարկումով, որ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին պարոնով դիմեց:

Հարկային օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քվեարկության կդրվի վաղը:

Այսօր Ազգային Ժողովը վերջնական ընթերցմամբ հաստատեց նաեւ մաքսային փոփոխությունները, որով մինչեւ 200 եվրո արժեք ունեցող ապրանքի ներմուծումն ազատվեց մաքսատուրքից:

Դոլարն ու ֆունտը աճել են, եվրոն ու ռուբլին՝ նվազել: Դոլարի փոխարժեքը կազմել է 473, ռուբլունը՝  7.41, եվրոյինը՝ 531, ֆունտինը՝ 615 դրամ: 

Սեպտեմբերի 29-ին օդի ջերմաստիճանn էապես չի փոխվի: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը +7+9, իսկ վաղը ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն: