Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն նմանակել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին: Մեկնաբանելով հանրապետականի հետ հեռախոսազրույցը՝ Դուտերտեն նմանակել է նրա ձայնն ու առոգանությունը: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
«Նախագահ Դուտերտե, կեցցես: Գիտեմ, որ դու վրդովվում ես քեզ քննադատող ամերիկացիների պատճառով: Բայց դու կեցցես, նույն ոգով շարունակիր»,- Դուտերտեի նմանակումն է մեջբերել գործակալությունը:
Շարունակելով՝ Դուտերտեն Թրամփի անունից ինքն իրեն առաջարկել է միասին սուրճ խմել եւ որոշել «Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանի հարցը»:
«Երբ Վաշինգթոն կամ Նյու Յորք գաս, գտիր ինձ, եւ միասին սուրճ կխմենք: Եվ գուցե կարողանաս ինչ-որ բան առաջարկել, սատանան տանի, թե ինչպես այդ հարցից գլուխ հանենք»,- Դուտերտեն նմանակումը շարունակելով՝ ասել է, որ Թրամփի հետ զրույցից հետո իրեն «սուրբ» է զգում:











