Մայաների լքված Էլ Միրադոր քաղաքը հետազոտում են երկնքից: Մայաների մշակույթի մինչ դասական ժամանակաշրջանի խոշորագույն քաղաք-պետություն Էլ Միրադոր քաղաքը երկնքից հետազոտում են ամերիկացի եւ գվատեմալացի հնագետները, որոնք տեղագրական քարտեզ են կազմում բարձրճշգրտության ռադարի միջոցով, որը տեղանքը սքանավորում է լազերով: Հետազոտությունների մյուս բոլոր մեթոդները չեն կարող արագ արդյունքներ ապահովել, քանի որ հնագույն մետրոպոլիան գտնվում է գվատեմալական անանցանելի ջունգլիներում: Այս մասին հայտնում է NTDTV-ն:
Մինչդեռ նորագույն տեխնոլոգիաները գիտնականներին թույլ են տվել թռիչքի 38 ժամում ստանալ երկչափ եւ եռաչափ բազմաթիվ բարձրորակ նկարներ:
Քարտեզագրման առաջին փուլի ընթացքում գիտնականներն ընդգրկել են Էլ Միրադորի 700 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք: Մասնագետները ստացած տվյալները համեմատել են արդեն գոյություն ունեցողների հետ: Հետազոտությունները հնագետներին կօգնեն ավելի լավ հասկանալ, թե մայաների մշակույթի ներկայացուցիչներն ինչպես են ապրել:
Հետազոտողները նաեւ ասում են, որ Էլ Միրադորը հիմա ավելի շատ պաշտպանության կարիք ունի, քան նախկինում:
Մայաների քաղաքակրթությունը գոյություն է ունեցել մ. թ. ա. 2000 թվականից մինչեւ մ. թ. 900 թվականը:











