ՀՀ վարչական դատարանում այսօր՝ դեկտեմբերի 13-ին, մեկնարկեց Արսինե Խանջյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության գործով առաջին դատական նիստը։ Նիստին ներկա չէր պատասխանող կողմը. պատասխանող կողմի լիազոր ներկայացուցիչը դատարանին դիմում էր ներկայացրել, որով տեղեկացրել էր, որ վատառողջ է եւ չի կարող ներկայանալ նիստին: Ներկա չէր նաեւ դերասանուհին՝ երկրում չլինելու պատճառով: Արսինե Խանջյանի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը եւ Արսինե Խանջյանը ցանկություն հյատնեցին դատական նիստը շարունակել առանց պատասխանող կողմի՝ նշելով, որ ոստիկանության ծառայակցի բացակայությունը անգործության ապացույց է:
NEWS.am-ի հետ զրույցում դերասանուհու ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը նշեց, որ Արսինե Խանջյանին 2016 թ․ հուլիսի 27-ի խաղաղ հավաքի ընթացքում առանց պատճառաբանության են բերման ենթարկել եւ ձերբակալել՝ սահմանափակելով վերջինի խաղաղ հավաքների ազատության իրավունքը։ Բերման ենթարկող ոստիկանները ոչ միայն չեն ներկայացել, այլեւ չեն ներկայացրել որեւէ պահանջ, ինչպես նաեւ չեն բացատրել պաշտպան ունենալու եւ ազատության սահմանափակումից բխող մյուս իրավունքների մասին։
«Նշեմ, որ օրենքով սահմանված կարգով ոստիկանությունը դեռ իր դիրքորոշումը չի հայտնել, չնայած պարտավոր էր իր դիրքորոշումը արտահայտել գրավոր տեքստով: Նաեւ չի ներկայացել ոստիկանության ներկայացուցիչը, որը ցուցաբերված անգործության ապացույց է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ կանադահայ դերասանուհին հայց է ներկայացրել ՀՀ ոստիկանության դեմ՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների միջամտող գործողությունները, այդ թվում՝ իր արտահայտվելու, խաղաղ հավաքների ազատության, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության եւ անձեռնմխելիության, իրավաբանական օգնություն ստանալու, նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից, խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքների նկատմամբ։
Նշենք, որ դատարանը նիստին ներկա լրատվամիջոցներին թույլ չտվեց լուսանկարել եւ տեսաձայնագրել նիստի ընթացքը՝ պատճառաբանելով, որ դատական նիստը հրապարակային է եւ ոչ հանրային: Դերասանուհու ներկայացուցիչները առարկեցին դատարանի որոշման դեմ՝ պահանջելով վերանայել որոշումը, սակայն, դատարանը չփոխեց իր որոշումը՝ լրատավմիջոցներին միայն թույլ տալով ձայնագրել նիստը:











