Չի կարելի պետական հիմնական ֆունկցիան դնել քաղաքացու վրա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ԱԺ արտահերթ նիստում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագծին, որով ուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ վճարի զինծառայողների օգնության հիմնադրամին:
«Սա պետության կառավարության սուրբ պարտականությունն է իր զինվորի կյանքի առողջության, սահմանի անվտանգության խնդիրը մոնոպոլ ձեւով տիրապետելու: Եթե կա սուր իրավիճակ, վտանգ, ապա քաղաքացին կամավոր մասնակցում է իր պետության անվտանգության կազմակերպմանը, իր զինվորին տեր կանգնելուն: Ինչը արվեց ապրիլին, ինչը անում ենք 28 տարի եւ դա հաճախ անում ենք ավելի լավ, քան պետությունն ու կառավարությունը: Եթե քառօրյայի ժամանակ ժողովուրդն իր հերոսականությունը կամավոր չցուցաբերեր, այն ոգեւորությունը չէինք կարողանա ունենալ, որը թշնամուն հակահարված տվեց: Քաղաքացուն թույլ տվեք թող ինքը արտահայտի իր վերաբերմունքը 100 հազար դրամով, այլ ոչ թե պարտադրանք ներկայացրեք եւ ասեք՝ քաղաքացին 1000 դրամով իր հերոսի նկատմամբ իր վերաբերմունքն է արտահայտում»,-ասաց նա:
Արամ Մանուկյանը նշեց, որ քննարկվող օրինագծում կա կոնցեպտուալ սխալ՝ քաղաքացուն պարտադրելով գումար վճարել եւ այդպիսով ապացուցել, որ հարգում է հերոսին:
«Պետությունը թող անի իր անելիքը, խոսում ենք 10 միլիոն դոլարի մասին: Ասում եք՝ փող ունենք շատ, բայց դիմում եք քաղաքացու գրպանին՝ այս սոցիալական 70 տոկոս աղքատության պայմաններում: Պետություն ջան, դու արա քո արածը, իսկ քաղաքացին իր կամավորության արդյունքում կանի իր գործը: Մարդուն հերոսացնել, հերոսին պարտադրանքով հարգել տալը, սխալ է, սա է կոնցեպտուալ սխալը»,-ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագծի եւ ուղեկցող օրինագծերի փաթեթի համաձայն՝ աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ վճարի զինծառայողների օգնության հիմնադրամին: Զոհվածների եւ 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ (2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն), իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում՝ ամսական 300 հազար դրամ: Սպաների համար այդ գումարը կկազմի ամսական 300 հազար դրամ, ենթասպաների համար՝ 250 հազար դրամ, շարքայինների համար՝ 100 հազար դրամ (զոհվածներն ու 1-ին խմբի հաշմանդամները): Այս դեպքում սպային կամ նրա ընտանիքին 20 տարի շարունակ կհատկացվի 82 մլն դրամ, ենթասպաներին՝ 70 մլն, շարքայիններին՝ 58 մլն: 2-րդ խմբի հաշմանդամների համար նախատեսված է համապատասխանաբար 200, 150 եւ 100 հազար դրամ ամսական:











