110 տարի առաջ՝ 1906 թվականի դեկտեմբերի 19-ին, ծնվել է խորհրդային կուսակցական եւ քաղաքական գործիչ Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւը, որը ԽՍՀՄ–ը ղեկավարում էր 1964-1982 թվականներին, եւ որի անվան հետ կապված է պետության պատմության հսկայական դարաշրջան, որը հայտնի է «լճացման» շրջան անունով։
Բրեժնեւի մրցանակները
Բրեժնեւը ավելի քան 100 տարբեր մրցանակներ է ունեցել, այդ թվում՝ միջազգային։ Նա ԽՍՀՄ հերոսի 4 հատ «Ոսկե աստղ» շքանշան է ստացել եւ Սոցիալիստական աշխատանքի հերոս է։ Վերջին տարիներին Լեոնիդ Իլյիչը պարգեւատրումներից երեխայի նման ուրախանում էր։ Բրեժնեւին նաեւ պարգեւատրել են «Հաղթանակի» մեդալով, որը շնորհվում էր մեծ մասշտաբի մարտական գործողությունների ղեկավարության մեջ ակնառու հաջողությունների համար։ 1989 թվականին Գորբաչովը հրաման էր ստորագրել, որով Բրեժնեւին հետմահու զրկել էր այդ պարգեւից այն բանի համար, որ պարգեւատրումը հակասում է շքանշանի կարգավիճակին։Խորհրդային առաջնորդների հուղարկավորությունների ժամանակ ընդունված էր նրանց շքանշանները տանել փոքր թավշյա բարձիկների վրա։ Բայց Բրեժնեւը մեծաքանակ մեդալներ ու շքանշաններ ուներ։ Ստիպված էին նրանցից յուրաքանչյուրի վրա մի քանի շքանշան ամրացնել եւ սահմանափակել պատվո ուղեկցումը 44 ավագ սպաներով։
Բրեժնեւի հուշերը
1970 թվականի վերջին լույս տեսան Բրեժնեւի հուշերը՝ եռագրություն, որը կազմված է «Փոքր երկիր», «Վերածնունդ» եւ «Անձեռնամուխ» գրքերից։ Համարվում է, որ դրանց հեղինակը Լեոնիդ Բրեժնեւն է. սակայն իրականում գրքերը պատկանում էին Անատոլի Ագրանովսկուն, «Իզվեստիայի» հրապարակախոս Արկադի Սախինին եւ «Պրավդա» թերթի թղթակից Ալեքսանդր Մուրզինին։ Գրքերի լույս ընծայմանը մասնակցել են նաեւ այլ լրագրողներ։ Բրեժնեւի հուշերն ընդգրկված էին գրականության դպրոցական ծրագրում։ Իր հուշերի համար Լեոնիդ Բրեժնեւն արժանացել էր Լենինի անվան մրցանակի եւ 180 հազար ռուբլի հոնորարի։ Թեպետ Մուրզինն ու Սախինը դրամական մրցանակի չարժանացան, սակայն նրանց շքանշաններ հանձնեցին։
Բրեժնեւը եւ Նոր տարին
Բրեժնեւը դրեց Նոր տարին շնորհավորելու ավանդույթին։ Առաջին հեռուստատեսային շնորհավորանքը նա արեց 1970 թվականի դեկտեմբերի 31-ին։ Այդ ավանդույթը շարունակվում է մինչեւ օրս, եւ ամեն տարի՝ Ամանորի գիշերը պետությունների ղեկավարները հեռուստաուղերձ են հղում բնակիչներին։
Բրեժնեւի համբույրը
Բրեժնեւը սիրում էր քաղաքական գործիչներին ողջունել համբույրով։ Սկզբում նա համբուրում էր մի այտը, իսկ հետո՝ մյուս, իսկ հետո էլ՝ շուրթերը։ Այս համբույրը կոչվում էր «եռակի Բրեժնեւ»։ Բրեժնեւի համբույրներին արժանացել են Հարավսլավիայի առաջնորդ Իոսիֆ Բրոզ Տիտոն, Պաղեստինի ղեկավար Աասեր Արաֆատը, Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին եւ ԱՄՆ նախագահ Ջիմմի Քարթերը։ Բրեժնեւը փորձել է համբուրել Ռումինիայի ղեկավար Նիկոլայ Չաուշեսկուին եւ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թեթչերին, բայց անարդյունք։
Բրեժնեւի վատ սովորությունները
Բրեժնեւը միշտ սիրում էր ծխել, իսկ երբ նրան դա արգելեցին, նա մյուսներին ստիպում էր ծխել, որպեսզի ինքը շնչի այդ ծուխը։ Վերջին տարիներին ժամանակակիցները պատմում են, որ առաջնորդը սկսել էր ուժեղ քնաբերներ օգտագործել, մի գիշերում 4-5 հաբ էր կուլ տալիս։
Բրեժնեւի կլինիկական մահը
1976 թվականին Բրեժնեւը կլինիկական մահ տարավ եւ մի քանի ամիս դրանից հետո չէր կարողանում նորմալ աշխատել։ Նրան մշտապես հետեւում էին բժիշկներըԼ Գլխավոր քարտուղարի խոսքը եւ մտածողությունը խանգարվել էր, նա սկսել էր խլանալ։ Բացի այդ, Բրեժնեւն իր ամբողջ կյանքում մի քանի ինֆարկտ եւ ինսուլտ էր տարել։ Նրա առողջական վիճակը ժողովրդի համար գաղտնի էր պահվում, քանի որ մարդիկ հաճախ էին նրան տեսնում հեռուստատեսությամբ։
Բրեժնեւի թաղումը
Նոյեմբերի 10-ին՝ Բրեժնեւի մահվան օրը, չեղարկեցին Ոստիկանության օրվան նվիրված համերգը։ Բայց Բրեժնեւի մահվան մասին հայտարարեցին միայն 2 օր անց։ Նրա թաղումը 1982 թվականին ամենաշքեղն էր Ստալինից հետո։ Սգո արարողությանը մասնակցում էին Կոմկուսի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ներկա էին Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն, ԱՄՆ փոխնախագահ Ջորջ Բուշ ավագը։ Ռադիո եւ հեռուստաընկերությունները արարողությունը հեռարձակում էին ուղիղ եթերով։














