Վառ արեւադարձային ձկնիկը, որը վերջերս են բացահայտել Խաղաղ օվկիանոսում, այն հայտնաբերած ամերիկացի օվկիանոսագետները կոչել են Բարաք Օբամայի պատվին: Պատճառը ձկան լողակների վրա առկա վատ բծերն են, որոնք հիշեցնում են ԱՄՆ նախագահի նախընտրական արշավի լոգոն: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ZooKeys ամսագիրը:
«Այս նոր տեսակը եզակի է ոչ այն պատճառով, որ Tosanoides obama-ն Պապահանաումոկուակեայի ազգային ջրային պարկում հանդիպող այս ընտանիքի միակ ներկայացուցիչն է: Ավելի հետաքրքիր է այն, որ տեսակի բոլոր ձկներն ինքնատիպ են»,- նշել է ամերիկյան NOAA-ի ներկայացուցիչ Ռենդալ Կոսակին:
«Օբամայի ձկնիկները» բացահայտվել են հունիսին: Դրանք եզակի են նրանով, որ ապրում են ամենահյուսիսային խորջրյա կորալային խութերում: Այստեղ նաեւ հարյուրավոր այլ եզակի ձկներ եւ անողնաշարավորներ են ապրում, որոնք Երկրի վրա որեւէ այլ վայրում չեն հանդիպում:
Գիտնականները մտավախություն ունեն, որ կլիմայի հետագա փոփոխություններն ու դրանց հետեւանքները Խաղաղ օվկիանոսում կոչնչացնեն ինքնատիպ այս էկոհամակարգը: Այդ պատճառով նրանք ողջունում են Պապահանաումոկուակեայի արգելոցի սահմաններն ընդլայնելու՝ Օբամայի որոշումը:











