Ոստիկանությունը խարդախության նոր սխեմա է բացահայտել:
Ըստ այդմ, քրեակատարողական հիմնարկներից մեկում պատիժը կրող մի տղամարդը համացանցով գտնում է վարձով բնակարան ու թանկարժեք բջջային հեռախոս վաճառող մեկին, ապա զանգահարում, ներկայանում այլ անվամբ ու խնդրում հեռախոսը տուփով տանել Գարեգին Նժդեհի 11 շենքի մոտ՝ ասելով, որ այնտեղ իր եղբայրը կմոտենա, կհամոզվի, որ հեռախոսը սարքին է ու կգնի:
Վաճառողը հեռախոսը բերում է այդ վայր, որտեղ մի երիտասարդ դիմավորում է նրան ու խնդրում տուն բարձրանալ՝ հեռախոսը կնոջը ցույց տալու համար: Բնակարանում նրա վստահությունը շահելու համար երիտասարդը սուրճ է հյուրասիրում ու հայտնում, որ կինն, իբր, հարեւանի տանն է, եւ մինչ հյուրը կխմի սուրճը, ինքը հեռախոսը կտանի կնոջը ցույց տալու:
Թվացյալ գնորդը դուրս է գալիս ու հեռանում: Որոշ ժամանակ սպասելուց հետո տղամարդը ծեծում է հարեւանի դուռը եւ պարզում, որ բնակարանը, որտեղ ինքը սուրճ է խմել, տրվում է օրավարձով, այդտեղ մշտական բնակվողներ չկան:
Նման մի դեպքի ժամանակ ոստիկանությունը դարանակալում է կազմակերպել եւ ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկել Քաջարանի բնակիչ Վիլեն Ս.-ին եւ նրա ընկեր Մեղրիի բնակիչ Սամվել Պ.-ին:
Վիլեն Ս.-ն ոստիկանությունում հայտնել է հետեւյալը. «Կապ եմ ունեցել հանցավոր խմբի հետ, փորձել են գցել խարդախության մեջ, ոստիկանության աշխատակիցների շնորհիվ այս ամեն ինչը պարզվեց»:
Սամվել Պն. Էլ հայտնել է» «Գաղութից ինձ զանգել էր Արշակ անունով մեկը: Ասեց ընկերոջ հեռախոսն էր, տվել էին, որ պիտի ծախի, էդ թղուն էլ ես ճանաչում եմ: Ասեց՝ կարա՞ս իրան ճարես, փողային հարցեր կան, որ պետք է պարզեն»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











