Մեքսիկայում հազարավոր մարդիկ հավաքվել են տեղացիներից մեկի ռանչոյում՝ նշելու նրա դստեր 15-ամյակն այն բանից հետո, երբ հոբելյար Ռուբի Իբարայի հայրը համացանցում տեսաուղերձ էր տեղադրել՝ հրավիրելով բոլորին ներկա գտնվել իր աղջկա ծննդյան օրվա արարողությանը, գրում է Guardian–ը։
Ռուբիի երեկույթի մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի սկզբին, երբ տեղացի լուսանկարիչը Facebook–ի իր էջում տեղադրել էր աղջկա հոր տեսաուղերձը։ Հայրը՝ կովբոյի գլխարկը գլխին, նկարագրում է ճոխ հավաքույթը՝ առատ ուտելիքներով, ձիարշավով եւ տեղի երաժշտական խմբերի մասնակցությամբ, իսկ վերջում հայտարարում է, որ բոլորին հրավիրում է մասնակցել։
Ծննդյան օրվա առավոտյան արդեն մի քանի հարյուր մարդ էր հավաքվել, իսկ երեկոյան նրանց թիվը հասել էր մի քանի հազարի։ Միջոցառումը հրավիրել էր մամուլի ուշադրությունը. երեկույթին ներկա էին նաեւ տասնյակ լրագրողներ ու լուսանկարիչներ։











