Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ NEWS.am-ը զրուցել է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետեւանքների, ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրության հետ կապված սպասումների, հայ-բրիտանական քաղաքական եւ տնտեսական փոխգործակցության խորացման նախադրյալների, նաեւ բրիտանական եւ շոտլանդական ամանորյա ավանդույթների մասին:

Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն կլինի BREXIT-ից հետո Միացյալ Թագավորության ապագան:

Ամենակարեւորն այն է, որ Բրիտանիան քվեարկել է Եվրամիությունից դուրս գալու օգտին, բայց ոչ Եվրոպայից: Մենք համաշխարհային ասպարեզից դուրս գալու ծրագրեր չունենք եւ շարունակում ենք մնալ Եվրամիության մեր գործընկերների սերտ դաշնակիցը, գործընկերը եւ բարեկամը: Դա ենթադրում է նրանց հետ տնտեսական սերտ հարաբերություններ, ընդհանուր մարտահրավերների շրջանակում համատեղ աշխատանքի շարունակում, ինչպիսին, օրինակ, անվտանգության խնդիրներն են: Բարեկամներ ունենք նաեւ աշխարհի մյուս հատվածներում: Մենք շարունակում ենք մնալ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի անդամ: Հետեւաբար՝ գլոբալ տեսանկյունից շարունակում ենք նշանակալից դերակատարում ունենալ:

ԵՄ-ից դուրս գալու հարցով բանակցությունները դեռեւս չեն մեկնարկել. երբ սկսվեն, ակնկալում ենք որոշակի «տնտեսական վերակառուցում», քանի որ շուկան պետք է հարմարվի ներգրավման նոր կանոններին: Սակայն կարծում ենք, որ հանդես կգանք ամուր եւ միաժամանակ ճկուն դիրքերից, քանի որ աշխարհի 5-րդ տնտեսությունն ենք, անցյալ տարվա տվյալներով՝ արագ զարգացող 2-րդ տնտեսությունը եւ բիզնես հիմնելու համար աշխարհի 6-րդ լավագույն երկիրը: Ուստի կարծում ենք՝ այն վիճակում ենք, երբ կարող ենք օգտվել հնարավորություններից եւ դիմակայել ԵՄ-ի կազմից դուրս գալու պատճառով առաջացող մարտահրավերներին: Մենք համոզված ենք, որ կկարողանանք ԵՄ-ի հետ լավագույն հարաբերությունները պահպանել:

Ինչպիսի՞ սպասումներ ունեք ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունից:

Հույս ունենք երկկողմանի ամուր հարաբերություններ պահպանել նաեւ Թրամփի վարչակազմի օրոք: Միացյալ Նահանգները եւ Միացյալ Թագավորությունը ակտիվ գործընկերության երկար պատմություն ունեն, ամուր գործընկերներ եւ դաշնակիցներ են: Հավատում ենք, որ ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների, շահերի եւ համոզմունքների վրա: Մենք նույնպիսի շարունակություն ենք ակնկալում:

Ինչպե՞ս կբնութագրեիք Հայաստանի եւ Միացյալ Թագավորության համագործակցության ներկայիս մակարդակը եւ 2016-ին իրականացված ծրագրերը:

Կարծում եմ, որ 2016 թվականին շատ բանի ենք հասել: Երկկողմանի հարաբերություններում 2016-ն ընդհանուր առմամբ շատ արդյունավետ տարի էր: Երբ գրեթե մեկ տարի առաջ՝ 2015-ի վերջին, Հայաստան եկա, ես ընդգծեցի, որ ցանկանում եմ շարունակել քաղաքացիական հասարակության հետ աշխատանքը: Բայց նաեւ նպատակադրվել էի խորացնել կառավարության եւ խորհրդարանի հետ համագործակցությունը: Հատկապես, որ Հայաստանն անցկացնում է քաղաքական եւ տնտեսական կարեւոր բարեփոխումներ:

Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր Ընտրական օրենսգրքի իրականացման հարցում: Մենք դա շատ ենք կարեւորում: Ողջունում ենք այն փաստը, որ նոր ԸՕ-ն հիմնված է կառավարության, խորհրդարանի եւ քաղաքացիական հասարակության միջեւ հաստատված կոնսենսուսի վրա: Կարծում ենք, որ եթե այն արդյունավետ իրագործվի, ընտրությունների որակը եւ 2017-ի ընտրություններում հանրության վստահության մակարդակը բարձրացնելու  կարեւոր միջոց կդառնա:

Շարունակել ենք նաեւ Հայաստանի արդարադատության նախարարության հետ երկխոսության խորացումը՝ գտնելով այն ուղիները, որոնց միջոցով կարող ենք կոռուպցիայի դեմ պայքարի մեր փորձը փոխանցել: Տեղյակ ենք, որ Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է հակակոռուպցիոն նոր ռազմավարություն: Այդ ոլորտում մենք մեծ փորձ ունենք եւ տեսել ենք հայկական կողմի հետաքրքրվածությունը: Արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների հետ ծրագրել ենք 2017-ի փետրվարին Միացյալ Թագավորություն պատվիրակություն ուղարկել, որպեսզի ծանոթանան, թե Միացյալ Թագավորությունը ինչպես է կիրառել խտրականության եւ ընտանեկան բռնության դեմ օրենքը:

Տնտեսական տեսանկյունից բրիտանական բիզնեսն արդեն իսկ ակտիվ է Հայաստանի բազմաթիվ ոլորտներում՝ բանկայինից սկսած, ինչպես օրինակ՝ HSBC-ն, շինարարությամբ, մանրածախ առեւտրով եւ դեղագործությամբ վերջացած: Մեր նպատակների մեջ է մտնում նաեւ կայուն տուրիզմի զարգացման ոլորտում Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի տնտեսական համագործակցության խորացումը: Հայաստանում տուրիզմի զարգացման մասշտաբները ֆանտաստիկ են. դուք մշակույթի, ժառանգության տեսակետից առաջարկելու շատ բան ունեք: Մեր համագործակցությունն ուղղված է Հայաստանի իշխանություններին օժանդակելու ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը Հայաստանին ներդրողների համար ավելի գրավիչ կդարձնի, ինչպես նաեւ բրիտանական բիզնեսի հետ աշխատելուն, որպեսզի այն այստեղ հատուկ հնարավորություններ տեսնի:

Կխնդրեի պատմեիք Նոր տարին նշելու բրիտանական ավանդույթների մասին: Դրանք նմա՞ն են հայկական ավանդույթներին:

Բրիտանացիներից շատերի համար Սուրբ Ծնունդը տոնական ժամանակահատվածի առանցքային մասն է: Կարծում եմ, ինչպես հայերը, մենք եւս տոնական օրերին ավելի շատ ենք ուտում, քան ամբողջ տարվա ընթացքում: Շատ բրիտանացիների համար ավանդական տոնական ճաշատեսակներն են՝ հնդկահավ կամ սագ, մեծ քանակով բանջարեղեն, օրինակ՝ բրյուսելյան կաղամբ, Ծննդյան պուդինգ (որի մեջ շատ չիր ու կոնյակ կա): Հայաստանում հնդկահավը սիրում են պատրաստել առանց հավելյալ բաղադրամասերի: Ընտանիքներից շատերի համար անչափ կարեւոր է թագուհու ամենամյա ելույթը լսելը: Իհարկե, միմյանց նաեւ ծննդյան նվերներ ենք տալիս:

Սուրբ Ծնունդը ընտանիքի հետ անցկացվող տոն է, իսկ Նոր տարին՝ ընկերների: Նոր տարուն բոլորս Auld Lang Syne երգն ենք երգում: Դա շոտլանդական հին երգ է՝ «Հին բարի ժամանակ»: Նոր տարին շոտլանդացիները մեծ խանդավառությամբ են նշում: Նրանք դա Hogmanay են անվանում: Եվ Էդինբուրգը Նոր տարին նշելու լավագույն վայրերից մեկն է: Կարծում եմ՝ բրիտանական շատ ավանդույթներ հայկականին նման են: Սակայն Միացյալ Թագավորության համեմատությամբ, «սպիտակ» Նոր տարի նշելու Հայաստանի շանսերն ավելի մեծ են: