Խողովակները սառել են, շենքերից սառույցները կախվել են, մաքրող չկա.այս ձմեռը ֆինանսական մեծ խնդիրներ է առաջացրել քաղաքացիների համար: Այս դժվարությունների մասին բարձրաձայնեցին NEWS.am-ի անցկացրած հարցման մասնակիցների մեծ մասը:
«Ֆինանսական, միայն ֆինանսական խնդիրներ են առաջացնում: Խողովակները սառել էին, որ եղանակները տաքացան՝ հալեցին, բայց էս քանի օրվա ցուրտը նորից կսառեցնի դրանք»,-ասաց քաղաքացիներից մեկը:
«Ստիպված ենք լինում ավելի շատ գազ վառել, էտ էլ փողեր ա, որ գրում ա: Էս փողոցների վիճակի մասին էլ չասեմ, մարդ չի կարողանում մայթից իջնի, տրանսպորտ նստի»,-ասաց մյուսը:
Հարցին, թե ինչպես են պատրաստվում դիմակայել փետրվարյան սառնամանիքներին ու առատ տեղումներին, հարցվածների մեծ մասը նշեց, որ հայ ժողովուրդը ավելի վատ բաների էլ է դիմացել, սրան էլ կդիմանա, քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ կարեւորը մարդկանց սրտերը չսառչեն:
«Մի կերպ պիտի դիմանանք էլի, ինչի՞ն չենք դիմացել Հայաստանում, որ դրան չդիմանանք»,- նշեցին նրանք:
«Բնության երեւույթ է, ինչ կարող ես անել: Կարեւորը, որ մարդիկ այնքան տաք սրտեր ունենան, որ մինուսը դարձնեն պլյուս»,-նշեց մի կին:











