Լոռու մարզի Հարթագյուղ-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին, փետրվարի 2-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել:

Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ  ձնաբքի պատճառով տասնյակ  ավտոմեքենաներ են մնացել արգելափակման մեջ: Դեպքի վայր ժամանած Սպիտակի հրշեջ փրկարարները դուրս են բերել  մեքենաները, իսկ ուղեւորներին տեղափոխել անվտանգ տարածք:

Արդեն երեկոյան կրկին նույն հատվածում ձնաբքի մեջ կրկին մեքենաներ են հայտնվել: Պարզվել է, որ դրանք նույն այն մեքենաներն են, որոնց վարորդներին Սպիտակի փրկարարական ջոկատի տղաները հորդորել էին չգնալ նշված ճանապարհով: Փրկարարները կրկին օգնության են շտապել ձնաբքի մեջ մնացած վարորդներին:

Մեր թղթակցի փոխանցմամբ՝ ճանապարհը բացելուն պես վարկյաններ անց այն կրկին փակվել է, քանի որ ուժեղ քամին ձյունը լցնում էր ճանապարհներն ու այն դարձնում անհնար երթեւեկության համար:

 Լուսանկարներն ու տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի