«Ժառանգություն» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, «Ժառանգության» ընդլայնված կազմով նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշել է, որ նիստի ընթացքում տեղի է ունեցել քվեարկություն եւ խորհուրդը որոշում է կայացրել  ընտրություններին  դաշինքով մասնակցելու, թե որ դաշինքին կմիանա կուսակցությունը, դեռ պարզ չէ, բայց կուսակցությւոնն այս պահին բանակցությունների մեջ է «Ելք» եւ Օսկանյան-Օհանյան դաշինքների հետ:

«Վերջնական ճշգրտումների համար պաշտոնական որոշումներ դեռ չկան, բանակցողներ կան՝ խորհրդի կողմից լիազորված, եւ մենք վերջնական որոշում կկայացնենք»,-ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ կուսակցությունում կան անդամներ, որոնք կողմ են, որ  առաջիկա ընտրություններին «Ժառանգությունը» առանց դաշինքի մասնակցի, որոնց թվում է նաեւ Զարուհի Փոստանջյանը, սակայն, քվերակության ընթացքում դաշինքով մասնակցելու որոշում է կայացվել: