Այս շաբաթ Բրազիլիայի Բորբա քաղաքի (գտնվում է մայրաքաղաքից 150 կմ հեռավորությամբ) մոտ 500 բնակիչներ գրոհով գրավել են ոստիկանական տեղամասը եւ փորձել ինքնադատաստանի ենթարկել այն կնոջը, ում կասկածում են երեխային սպանելու եւ եւս մեկին ու 4 մեծահասակներին սպանելու փորձի մեջ, փոխանցում է Mignews-ը:
Լինչի դատաստանի ենթարկողներին առաջնորդել են սպանված 2 տարեկան տղայի ազգականները: Փետրվարի 7-ին՝ հրդեհի հաջորդ օրը, նրանք հայտնվել են ոստիկանության տեղամասում, մանկասպանին խցից փողոց հանել, կրակի մեջ գցել եւ սկսել ծեծել:
Համացանցում հրապարակված հոլովակում երեւում է, թե «Լինչի դատաստանի» զոհին ինչպես են մազերից բռնած քարշ տալիս գետնի վրայով: Նրանց ձեռքից կնոջը հաջողվել է ազատել միայն ոստիկանական օգնական ուժերի ժամանումից հետո:
Կնոջը, ում անունը չի հաղորդվում, վերջույթների այրվածքներով հիվանդանոց են տեղափոխել: Ավելի ուշ նրան բանտային խուց են տարել, որի գտնվելու վայրն այս անգամ գաղտնի է պահվել:











