Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում մթերային խանութի փլուզման հետեւանքով մահացածներից մեկը խանութի սեփականատիրոջ կինն է: NEWS.am-ի հետ զրույցում խանութի սեփականատեր Գագիկ Ալոյանը նշեց, որ իր կինը խանութում աշխատում էր որպես վաճառողուհի եւ ամեն օր` սովորականի նման ժամը 9-ին գնացել է աշխատանքի (ֆոտոռեպորտաժ):

Գագիկ Ալոյանի խոսքով` իր կինը 50-ամյա Ալմիդա Մեսրոպյանը, խանութի փլուզման ժամանակ մնացել է փլատակների տակ, նրա կողքին գտնվող 2 որդիները չեն կարողացել փրկել մոր կյանքը:

«Մենք ընտանիքով ապրում ենք Հրազդանում, ամեն օր 2 որդիս եւ կինս գալիս էին խանութ` աշխատանքի: Այսօր` ժամը 10:00-ի սահմանում տղաս լացակումած ձայնով զանգեց ու ասաց, որ խանութի պանելները նստել են ու չի հասկանում, թե ինչ է կատարվում: Միայն ասեց, որ շտապ գամ: Եկա, տեսա, որ խանութ չկա, ամբողջը փլուզվել է»,-պատմեց նա:

Գագիկ Ալոյանը նշեց, որ դեպքի պահին բացի իր ընտանիքից խանութում եղել է նաեւ մյուս աշխատակցուհին` Տաթեւիկը եւ մեկ հաճախորդ` Լեռնանիստ գյուղի 38-ամյա բնակչուհի Անուշ Սարգսյանը, որը նույնպես փլատակներում է մնացել ու մահացել:

Գագիկ Ալոյանի 2 որդիները` խանութի փլուզման հետեւանքով վնասվածքներ են ստացել: Նրանցից Սարգիս Ալոյանը կոնքի, ազդրի եւ ողնաշարի կոտրվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Արթուրը թեթեւ վնասվածքներ ունի եւ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել:

Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրենՌոբերտ Սահակյանի խոսքով` խանութի աշխատակցուհի, 23-ամյա Տաթեւիկը Հրազդանի բժշկական կենտրոնում  է, նրա մոտ եւս կոնքի կոտրվածք է կասկածվում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի 14-ին, ժամը 10:15-ին, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում մթերային խանութում տեղի է ունեցել փլուզում: Փլուզվել է Լեռնանիստ գյուղի 7-րդ թաղամասի թիվ 40 հասցեում գտնվող մթերային խանութի տանիքը: Տուժածները տեղափոխվել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն:

Ժամը 12.03-ի դրությամբ ավտոկռունկի օգնությամբ փլատակներից դուրս է բերվել երկու կնոջ  (մոտ 32 և 50 տարեկան) դի: