ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում տեղը զբաղեցնելը շատ հաճելի եւ պարտավորեցնող է համարում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ քարոզչությունն իրականացնելու է օրենքով սահմանված կարգով: Հարցին, թե արձակուրդ գնալո՞ւ է, նա պատասխանեց. «Օրենքով սահմանված կարգով, ինչպես որ օրենքն է թելադրում»:

Ինչ վերաբերում է հետագա իր գործունեությանը եւ պաշտոնը պահպանելուն, Արմեն Ամիրյանն ասաց. «Ձեր հարցը ենթադրում է, որ դուք արդեն մեծ վստահություն ունեք ՀՀԿ-ի հանդեպ, որ կունենանք մեծամասնություն եւ կձեւավորենք կառավարություն: Մեծամասնությունը պետք է ձեւավորի կառավարություն եւ եթե Հանրապետականը լինի մեծամասնություն եւ ձեւավորի կառավարություն, անշուշտ մեզ տրվելու է հնարավորություն վարչապետ Կարեն Կարապետյանի թիմով շարունակելու արդեն սկսված ծրագրերը»:

Նա նշեց, որ կուսակցության որոշումն է՝ ընդգրկել գործող նախարարներին ՀՀԿ ցուցակում, ինչը ճիշտ որոշում էր։ Իսկ իր ներկայացվածությունը ցուցակում, կարծում է, որ դրական կազդի ձայներ հավաքելու համար:

Ամիրյանը նշեց, որ նոր ծրագրերով, նոր գաղափարներով է մարդկանց համոզելու՝ քվեարկել ՀՀԿ-ի օգտին. «Նաեւ այն վստահությամբ, որը փորձում ենք մեր աշխատանքով սերմանել»:

Անդրադառնալով ներդրումային ծրագրերին՝ նախարարն ասաց, որ իրենք արդեն ունեն 17 ներդրումային ծրագրեր, որոնց մեծ մասն արդեն մեկնարկել է եւ առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում իրականություն կդառնա: «Բայց այդ 17 ծրագրերի վրա յուրաքանչյուր ամիս, յուրաքանչյուր օր ավելանում են նոր գաղափարներ, նոր ծրագրեր, նոր գաղափարներ: Մասնավորապես բառացիորեն երեկ մեր որոշման նախագիծ կա, որ մոտ ապագայում Հաղպատում կառուցենք Սայաթ-Նովայի թանգարան»: