Նոր Արեշի 41-րդ փողոցի տներից մեկում տեղի ունեցած խոշոր հրդեհի պատճառը հոսանքի լարերն են եղել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց տան սեփականատերը՝ Յուրի Մովսիսյանը։
Նրա խոսքով՝ ընտանիքի բոլոր անդամները տանն են եղել, սակայն հասցրել են փողոց դուրս գալ։
«Բոլորս տանն էինք, երեկոյան 8-ից հետո կրակը սկսվեց տարածվել ու մենք միանգամից դուրս գնացինք։ Հոսանքի լարերի պատճառով է բռնկվել։ Ծխի հոտը 1 կմ-ից զգացվում էր»,-ասաց նա։
Հարեւաններից մեկի խոսքով՝ ինքը տեսել է, թե ինչպես է կրակը բռնկվել։
«Հեռվից տեսա, մոտեցա։ Ծուխը չէր թողում, որ բան տեսնեինք։ 3 հրշեջ մեքենա չէին կարողանում հանգցնել կրակը։ 3 ժամ հետո նոր քիչ-քիչ հանգավ»,-ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 19-ին, ժամը 20.31-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Նոր Արեշի 41-րդ փողոցի թիվ 16ա երկհարկանի տանը։ Այրվել է ավտոտնակի (80 քմ) առաստաղի փայտյա երեսպատումը, խորդանոցում (50 քմ)` կենցաղային իրեր եւ կաշվի մնացորդներ:














