Զարուհի Փոստանջյանի «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալը ծափողջյուններով չէ, որ պետք է դիմավորել: Այսօր` փետրվարի 21-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց կուսակցության փոխնախագահ, «Օսկանյան- Րաֆֆի- Օհանյան» դաշինքի ընտրական ցուցակի երկրորդ համար Արմեն Մարտիրոսյանը:

«Խորին հարգանքով եմ վերաբերում Փոստանջյանի այդ քայլին, մեր կյանքի ամենալավագույն տարիների մի ամբողջ տասնյակ միասին ենք եղել միասնական պայքարի շրջանակում եւ իր դուրս գալը ծափողջյուններով չէ, որ պետք է դիմավորել: Համամիտ չեմ տիկին Փոստանջյանի այն տեսակետին, թե մեր գաղափարախոսությունից, սկզբունքից հեռացել ենք, դա հնարավոր չէ, նույնիսկ թեկուզ տեխնիկապես»,- ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանը հաջողություն մաղթեց Զարուհի Փոստանջյանին` միեւնույն ժամանակ կարծիք հայտնելով, թե հետագայում հնարավոր է` իրենց ճանապարհները կրկին խաչաձեւեն քաղաքական պայքարի ընթացքում:

Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը փետրվարի 20-ին հայտարարել է կուսակցությունից դուրս գալու մասին:

«Հարգելի «Ժառանգություն» կուսակցության անդամներ,

Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական եւ ծրագրային խզումը իր հռչակած եւ անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից եւ ծրագրից:

Քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:

Հայտնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:

Միեւնույն ժամանակ` բարձր եմ գնահատում շուրջ տասնամյա համատեղ աշխատանքը եւ միասին անցած ճանապարհը»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: